Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.

 

Ազգային ժողովում այսօր շարունակվեց 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումը:Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը վատառողջ լինելու պատճառով չէր կարողացել ներկայանալ Ազգային ժողով, և նրա փոխարեն քննարկմանը ներկայացել էր ՎՊ աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանը, ով էլ ներկայացրեց 2014 թվականի հաշվետվությունը:Ըստ Ներսիսյանի' բարեփոխումներն իրականացվել են սոցիալական ոլորտում, գնումների ոլորտում' էլեկտրոնային գնումների համակարգի ներդրմամբ, ընդլայնվել են նաև ՎՊ-ի միջազգային համագործակցության շրջանակները:

 

***

 

100 դրամ ուղեվարձի դեպքում քաղաքացին ստիպված կլինի կանգառում ավելի երկար սպասել ու օգտվել հնամաշ գազելներից: Կարծիք, որը հնչել է տրանսպորտի ուղեվարձը քննարկող հանձնաժողովում: «Այն վատ է աշխատում»,- վստահ է «Իրազեկ եվ պաշտպանված սպառող» կազմակերպության նախագահը: Բաբկեն Պիպոյանը հայտարարել է' այս սակագնի դեպքում եվս հնարավոր է ապահովել որակյալ սպասարկում:

 

***

 

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Կամո Արեյանը հայտարարեց, թե տրանսպորտի սակագինը նույնը չի մնա՝ կթանկանա։ «Ո՞վ ասաց, որ տրանսպորտի գինը չպետք է թանկանա»,- զարմացավ փոխքաղաքապետը՝ ավելացնելով, որ այս տարիների ողջ տրամաբանությունը հանգեցնում է նրան, որ գործող սակագնով անհնար է տրանսպորտ շահագործել։

 

***

 

Ինչո՞ւ է Արարատի մարզում, որտեղ մի շարք մեծահարուստներ հողագործության արդյունքում միլիոններ են վաստակում, աղքատության ցուցանիշը բարձր 39 տոկոսից: Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նման հարցադրում է արել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Պատգամավորը հետաքրքվել է, եթե մեծահարուստը մարզի բերրի հողերից այդքան շահույթ է ստանում, ինչո՞ւ նույնը չի կարողանում անել հասարակ գյուղացին: Ի պատասխան' մարզպետն ասել է, որ նախ ինքը արդեն բիզնեսով չի զբաղվում և հաստատել է Փաշինյանի ասածը:

 

***

 

Նրա եվ ընկերների աշխատավարձերը բարձրանալու են 100-200 տոկոսով: Հանրապետական Արտակ Դավթյանն ընկերներին առաջարկելու է հրաժարվել աշխատավարձից եվ այն ծախսել մշակութային խնդիրների կարգավորման նպատակով: Պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ընտրությանը:

 

***

 

Ըստ էլեկտրոնային լրատվամիջոցներով շրջանառվող լուրերի` շուտով ազատ կարձակվի Վազգեն Խաչիկյանը: Հայտնի է դարձել, որ Խաչիկյանի ընկերները հավաքել են այն գումարը, որը փոխանցելու դեպքում պետությանը հասցված վնասն ամբողջությամբ կհատուցվի, և որ Խաչիկյանն ազատ կարձակվի համաներման անվան տակ: «Դատաքննության փուլում է գործը: Դատարանն ինչպես վճռեց, այդպես էլ կվարվենք»,- ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության' հասարակության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը' անդրադառնալով Վազգեն Խաչիկյանի' համաներմամբ հնարավոր ազատ արձակմանը:

 

***

 

Մահացածները ընտրացուցակներում չեն ներգրավվի, թոշակ չեն ստանա,- Այսօր խորհրդարանում 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վստահեցրել ` ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Հաջորդ տարվա երկրորդ եռամսյակից արդեն Հայաստանում բոլոր ծնունդները, մահերն ու հայրության որոշումները պետք է գրանցվեն նոր էլեկտրոնային համակարգով:

 

***

 

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է հույն գործընկերոջը' Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին: Դիմիտրիս Ավրամոպուլոսը եղել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եվ մատենադարանում:

 

***

 

Լյուքս Ստեփանյանին մահացու հրազենային վնասվածք հասցրած Դավիթ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց նաև, որ իրենց են տրամադրվել գործի նյութերը և որ ներկայումս դրանց ծանոթանալու փուլում են, իսկ իրենց տեսակետն ու դիրքորոշումը կհայտնեն միայն ծանոթանալուց հետո, քանի որ հնարավոր է միջնորդություններ լինեն:

 

***

 

Նա թուրքերին պարտադրում էր հիշել իրենց իսկ արյունոտ պատմությունը: Հրանտ Դինքն այն բացառիկներից էր, որ ապրում էր Թուրքիայում, սակայն բարձրաձայնում էր ցեղասպանության փաստի մասին: Երեվանի քաղաքապետը համոզված է' սերունդները պետք է հիշեն Դինքին: Համար 44 դպրոցն այսուհետեվ կրելու է նրա անունը:

 

***

 

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դեռ մեղադրանք չի առաջադրվել: Դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է ՝ ավտոմեքենա վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում է 4-10 տարվա ազատազրկում:

 

***

 

Առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիս-արեւմտյան՝ մինչեւ 2-5մ/վրկ. ուժգնությամբ: Ըստ «Հայպետհիդրոմետի»՝ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ 16+18 աստիճան: Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15, Կոտայքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15, Գեղարքունիքում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15, Լոռիում՝ գիշերը՝-3+2, ցերեկը՝ +11+16, Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +14+19, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +13+18, Արարատում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19, Արմավիրում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +10+15, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+12, Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +10+15: