Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր իրադարձությունները.

 

Հրանուշ Հակոբյանի սենսացիոն բացահայտումը՝ արտագաղթի մասին:

 

Հարց - Ձեզ համար ԵՄ-ի հետ համաձայնագի՞րն է ձեռնտու, թե՞ Մաքսային Միությանն անդամակցությունը։

 

Պատասխան – Գիտեք, էդպիսի բաներ չկան և որևէ մեկը չի ասել, որ Եվրոպայի առաջ մենք մեր դռները փակեցինք: Սփյուռքի նախարարության ու ընդհանրապես ցանկացած հայի համար առաջին հերթին Հայաստանի, Արցախի անվտանգության, ապահովության խնդիրները ամեն ինչից վեր են: Եվ հետո՝ այդ տարածքում ապրում է երեք ու կես միլիոն հայ և մենք շահագրգռված ենք, որ մեր հարաբերությունները փայլուն լինեն: Իսկ ո՞վ ասաց, որ սա առաջին քայլն է, առաջին դեպքն է, որ մենք գնում ենք դեպի Մաքսային միություն… 1992 թվականից մեր ռազմաքաղաքական դիրքորոշումը… Ստորագրվել է պայմանագիր, մենք գնում ենք այդ ուղղությամբ: Գտնում եմ՝ ճիշտ քայլ ենք կատարում' համագործակցել բոլոր կազմակերպությունների, կառույցների հետ, որտեղ նաև հաշվի կառնվեն մեր գերակա շահերը:

 

Ուշադրություն դարձրեցի՞ք «այդ տարածքում ապրում է երեք ու կես միլիոն հայ» արտահայտությանը։
Ակնհայտ է, որ Հրանուշ Հակոբյանը խոսում է կամ կոնկրետ Ռուսաստանի, կամ Ռուսաստան-Բելառուս-Ղազախստան տարածքի մասին։ Որքա՞ն հայ է ապրում այդ «տարածքում»՝ իրո՞ք 3.5 միլիոն։ Մինչդեռ մինչև վերջերս, տարբեր գնահատականներով, խոսվում էր, որ Ռուսաստանում ապրում է մոտ 2 միլիոն հայ։ Ըստ Wikipedia հանրագիտարանի՝ Ռուսաստանում ապրում է 2 միլիոն 250 հազար հայ։ Ամենամեծ թիվը վերջերս հնչեցրել էր միայն Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը՝ Պուտինին հարց ուղղելու ժամանակ։ Նա նշել էր, որ Ռուսաստանում ապրում է 2.5 միլիոն հայ։ Բելառուսում և Ղազախստանում հայերի թիվը բավականին փոքր է՝ միասին մոտ 100 հազար։ Այսինքն՝ մինչ օրս հնչած գնահատականներով Մաքսային Միության տարածքում ապրում է առավելագույնը 2.6 միլիոն հայ։

 

***

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ դիմելով ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին, ասաց, թե բնապահպանության նախարարությունը 2014թ. բյուջեի համաձայն գումար է նախատեսում Սևանում ձկան պաշարների համալրման համար, մինչդեռ միաժամանակ գետերի վրա ՀԷԿ-երի շահագործման թույլտվություն է տալիս, որոնք խոչընդոտում են ձկների ձվադրմանը։

 

Նախարարը շատ մանրամասն ներկայացրեց ձվադրման պրոցեսը, բացատրեց խնդրի նրբությունները, և պատգամավորին հուշեց, որ ձվադրման ժամանակ մայր ձկները ոչ թե մոտենում են գետերին, այլ գետաբերանների ակունքներին և այնտեղ են իրակացանում ձվադրում: Նրա խոսքով՝ հենց այս բոլոր մանրամասները հաշվի առնելով, իրենք գետաբերանների տարածքում են մանրաձուկը բաց թողնում, որպեսզի հնարավորինս ապահովեն բնական միջավայր։ Արամ Հարությունյանը հավաստիացրեց, որ մանրաձկան բացթողնման պրոցեսը արդյունավետ է:

 

Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Շնորհակալություն դասախոսության համար, որ դուք, որպես ձվադրման մասնագետ, ունեցաք այստեղ, այն շատ ուսուցանելի էր»:

 

***

 

Լևոն Զուրաբյանը, լսելով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ բյուջեի մասով իրենց ոլորտի հատկացումների մասին ելույթին, նախ նախարարին մեղադրեց գյուղացու համար անբարենպաստ քաղաքականություն վարելու մեջ, ապա նշեց, որ կոնկրետ դիզվառելիքի հարցում գյուղացու փոխարեն սուբսիդավորում են դիզվառելիք ներկրող «Ֆլեշ» ընկերությանը։

 

«Էս թվերը շատ լավ են, ծրագրերը շատ լավ են: Բայց դուք ունե՞ք ինչ-որ մոդել՝ ինչպիսի գյուղատնտեսություն եք ուզում կառուցել: ՀԱԿ-ը 2010թ.-ին այդ մոդելը հրապարակել է: Մեր բոլոր ծրագրերը կառավարությունը ընդունում է, սկսում է իբր թե իրագործել, բայց պարզվում է հետարքրքիր հանգամանք: Ստացվում է, որ այսօր դուք վարում եք ուրբանիզացիայի, լատիֆունդիստական, խոշոր կալվածատերերի կողմից գյուղի նվաճման քաղաքականություն, որովհետև պահուստային հողերի 20%-ը տրամադրվել են խոշոր կալվածատերերի, գյուղացին չի օգտվել, ուստի անհասկանալի են ձեր խոսքերը, որ կոոպերացիոն գյուղատնտեսության ստեղծման ուղղությամբ քայլեր եք իրականացնում»:

 

Սերգո Կարապետյանի նյարդերը ի վերջո տեղի տվեցին. «Ես չեմ հասկանում, սա ելո՞ւյթ է, թե՞ հարց: Հարցը կոնկրե՛տ տվեք՝ պատասխանեմ, տասը րոպե է խոսում եք»:

 

Սերգո Կարապետյանը չհամաձայնեց Զուրաբյանի գնահատականների հետ. «Դուք ավելի շատ ներկայացրիք ձեր ծրագիրը: Եվ եթե դուք հետագայում կգաք իշխանության ձեր ծրագրերը կիրականացնեք: Հիմա մենք իրականացնում ենք այն քաղաքականությունը, որը երկրում ղեկավարում է:

 

***

 

Սկանդալ խորհրդարանում' ՀԱՊԿ արտագնա նիստի ժամանակ: ԱԺ Ոսկեզօծ դահլիճում ընթացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի փակ նիստը: Նիստի աշխատանքային լեզուն ռուսերենն է: Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ընդվզել է եվ հայտարարել, որ ինքը մեծ հարգանք ունի ռուսերեն լեզվի նկատմամբ եւ այդ լեզվով հաղորդակցվելու որեւէ խնդիր չունի, սակայն, հարգելով ՀՀ Սահմանադրությունն ու ինքն իրեն, խոսելու է հայերենով: Նիստը վարող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանն ասել է, որ Քոքոբելյանի ելույթը կթարգմանվի:

 

***

 

Հիշեցնենք' օրերս ԱԺ-ում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե գործազրկության նպաստներն անարդյունավետ են օգտագործվել, քանի որ 94% դեպքերում դրանք ստացել են ապահովված մարդիկ, որոնք աշխատանք չեն էլ փնտրել: Վարչապետի այս հայտարարությունը հաջորդել էր ԱԺ-ում «Զբաղվածության մասին» նոր օրենքի ընդունմանը, որով հունվարի 1-ից դադարեցվելու է գործազրկության նպաստների տրամադրումը:

 

Հարցին, թե ո՞վ է ի վերջո պատասխան տալու պետական միջոցների այսօրինակ փոշիացման համար, վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, ասել է. «Այստեղ պետք է դիտարկել ոչ թե մեղավորներ որոնելու հանգամանքը, այլ պետք է քննարկել անարդյունավետ մեխանիզմներն արդյունավետ մեխանիզմերով փոխարինելու ռազմավարություն և քաղաքականություն»:

 

***

 

ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Վերջինիս խոսքերով' աշխատանքից ազատվելու պատճառն այլ աշխատանքի տեղափոխվելն է:

 

***

 

Ի՞նչ միջոցներով է Ծառուկյանը բարեգործություն անում. պարզաբանում է Տիգրան Ուրիխանյանը: «Գագիկ Ծառուկյանը գործարար չէ ու արդեն շատ վաղուց: Ծառուկյանը զբաղվում է քաղաքական ու պետական գործունեությամբ: Նա պարզապես սեփականատերն է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի, որի կազմի մեջ մտնում են առանձին-առանձին այն ձեռնարկությունները, որոնց մասին Դուք ասում եք: Իսկ ընդհանուր առմամբ «Մուլտի Գրուպի» հարկային և առհասարակ գործունեության վերաբերյալ կարող եք հարց ուղղել «Մուլտի Գրուպին» կամ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանին»:

 

***

 

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում մահացավ 3-ամյա Մանե Գալստյանը: Հոկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել էին' ВАЗ 2121 մակնիշի 370 ԼՕ 64 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 34 MO 303 համարանիշի, ГАЗ 53 մակնիշի 15 ԼՏ 457 համարանիշի ավտոմեքենաները:

 

***

 

Նոյեմբերի 8-ից գործարկվելու են երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ նոր սարքեր: 

 

1. Մ-3 «Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 66.1 կմ (Արագածոտնի մարզ, Ռյա թազա գյուղի վարչական տարածք)' 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

 

2. Հ-21 «Հ-17 - Հոռոմ - Արթիկ - Ալագյազ» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.6 կմ (Արագածոտնի մարզ, Նորաշեն գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

 

***

 

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 1-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 2-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Տիգրան Մեծի 15-ից բարձր համարների, Տիգրան Մեծի նրբանցքների, Խորենացի 24-158 զույգ և 29-157 կենտ համարների, Խորենացի նրբանցքների, Նար Դոսի 1-30 համարների, Զավարյան 1-40 համարների, Քրիստափորի 1-15 համարների, Գլինկա 1-40 համարների, Բուռնազյան, Լիսինյան, Աճեմյան, Միչուրին, Երկաթգծի, Ծատուրյան, Ծխախոտագործների, Գետառի, Չելյուսկինցիների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: