Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները.

 

Կուտակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն հավաքեց ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ: Երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը արտահերթ նիստի հրավիրման հաղորդագրություն էր տարածել՝ այն կայանալու էր այսօր: Սակայն նիստը չկայացավ: Վերջին պահին ՀՀԿ-ն քաղաքական որոշում է կայացրել բոյկոտել նիստը: Փաստորեն, իշխող կուսակցությունը լիարժեք օգտագործում է իր մանդատների զուտ քանակական առավելությունը՝ ընդդիմության բոլոր օրինագծերը տապալելու և նախաձեռնությունները բոյկոտելու համար: Իսկ կուտակային հիմնադրամի որոշումը վերջնական է և ամեն գնով կատարման ենթակա:

 

***

 

ՀՀԿ-ն բոյկոտում է, ընդդիմությունը' պայքարում, ակտիվիստները' սատարում: Կենսաթոշակային հիմնադրամի ստեղծման հետ կապված բողոքների արդյունքում ընդդիմությունը 44 ստորագրություն էր հավաքել ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ, որի ընթացքում պետք է քննարկվեր կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր բաղադրիչի գործադրումը 2014-ի հունվարի 1-ից 2015-ի հունվարի 1 տեղափոխելու հարցը: ԱԺ-ի դիմաց հավաքվել են տասնյակ ակտիվիստներ' ընդդիմադիր պատգամավորներին սատարելու:

Նրանց ձեռքին կան պաստառներ' «Մենք ուզում ենք ունենալ ընտրության իրավունք», «Ձեռքներդ հեռու մեր աշխատավարձերից» գրառումներով:Ցուցարարներին են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ և ազատամարտիկներ:

Բողոքի երթը շարժվել են դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:

 

***

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը և Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ' տեսնելու նոյեմբերի 5-ից հետո կալանավորվածներին, սակայն նրանց արգելել են հանդիպել կալանավորվածներին:

Այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանանակ Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ երեկվա այցին, հերքեց նախօրդ օրը ԱԺ-ում ելույթի ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այն խոսքերը, թե ՔԿՀ-ներում այժմ ծանրաբեռնվածություն չկա:

«Երևի Հրայր Թովմասյանը չի տիրապետում իրավիճակին»,-նշեց նա:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե իրենք գնացել էին ոչ թե տեսակցելու կալանավորվածներին, այլ' տեսնելու նրանց: «Տեսակցելը չի թույլատրվում, սակայն պատգամավորներին այդ անձանց տեսնելը չի արգելվում»,-նշեց նա:

 

***

 

ԱԺ «Հանրապետական» կուսակցության բոյկոտած «Կուտակային կենսաթոշակների» մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան»-ի կողմից հրավիրված արտահերթ նիստից հետո ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը միացավ ԱԺ ճեպազրույցներին:

«Հանրապետականի տեղը մաք-մաքուր է, Հովիկ Աբրահամյանը կարդաց իրենց որոշումը բոյկոտելու մասին։ Դա սպասելի էր, բայց ինձ համար ուրախալի է, քանի որ դրսում հավաքվել են բազմաթիվ երիտասարդներ»,-ասաց Արամ Մանուկյանը և հավելեց, որ եթե 3 ժամում քվորում չհավաքվեց, նիստը կհայտարարվի տապալված։

«Այսպես էլ սպասվում էր, քանի որ եթե այս օրենքի նախագիծը եկող տարի գնար, բյուջեն քանդվում էր, ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված է հենց այս օրենքի վրա նաև։ Այսինքն, եթե այս գումարը չեն կարողանում ստիպողաբար հավաքել, ապա բյուջեի ամբողջ քաղաքականությունը քանդվում է»,-ասաց նա ու ավելացրեց, որ օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի դեմ։

«Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշել, ես ուզու՞մ եմ թոշակ ստանալ, ինչքա՞ն ստանալ»,-ասաց Արամ Մանուկյանը:

 

***

 

Երևանի Մաշտոցի պողոտայի սկզբնամասում գտնվող հուշարձանի' «Ծածկած շուկայի» ապօրինի քանդման և շինարարական աշխատանքների իրականացման վերաբերյալ ամիսներ առաջ ՀՀ ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված հաղորդումը հանցագործության մասին ՀՀ իրավապահ մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով ընթացք չի ստացել: Հուշարձանը քանդողը և պաշտոնատար անձը, ովքեր պատասխանատու են հուշարձանի պահպանման համար, պատասխանատվության չեն կանչվել:

ՀՀ իրավապահ մարմինների կողմից դրսևորած անգործությունը վիճարկվում է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործի քննության ժամանակ ի հայտ են եկել հետևյալ փաստերը, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ:

 

***

 

Երեկ կեսօրին' ժամը 12:10-ին, Հալեպի կենտրոնական Մունշիե շրջանը հրթիռակոծման է ենթարկվել. հայտնել է «Եռագույն» լրատվական կայքը' հղում կատարելով «Բերիո Նյուզ»-ին:

Հրթիռի պայթունի պատճառով եղել են զոհեր և վիրավորներ: Զոհերի մեջ է հայ վարորդ' 1966 թվականին ծնված Գևորգ Պողոսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին հայաշատ Վիլանների թաղամասը ծանր հրթիռակոծման էր ենթարկվել, որի պատճառով մի քանի բնակիչ էր վիրավորվել, այդ թվում' 5 հայ' Հակոբ Դավոյանը, Հարութ Պազարպաշյանը, Րաֆֆի Պերպերյանը, Ճորճ Գևորգը և Տիգրան Մանուկյանը:

 

***

 

Նոյեմբերի 15-ին' ժամը 10.40-ին, ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքում' «Մայր Աթոռ Սրբ. Էջմիածին» եկեղեցու տարածքում, շինարարական աշխատանքների ժամանակ, հրդեհ է բռնկվել վերամբարձ կռունկի խցիկում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արարատյան փողոցում կռունկավարի կառավարման խցիկում տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկումով :

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.56-ին, մարվել' 11.12-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

***

 

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կարապետ վարդապետ Հարությունյանն ազատվել է Գուգարաց թեմում ստանձնած պարտականություններից և ծառայության կոչվել Ֆրանսիայի Հայոց թեմում:

 

***

 

Նոյեմբերի 14-ին' ժամը 11.20-ին, ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի փրկարար ծառայությունից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի թիվ 6 դպրոցի մոտ ական կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Վանաձորի Մոսկովյան փողոցի թիվ 58/4 հասցեի մոտ, ջրագծերի անցկացման աշխատանքներ կատարելիս, ասֆալտի ծածկի տակ հայտնաբերվել է 485 մմ երկարության, 75 մմ տրամաչափի հրետանային արկ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն:

 

***

 

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Սեբաստիա (2 արագաչափ' երկու ուղղություններով), Րաֆֆու (2 արագաչափ' երկու ուղղություններով) և Խանջյան (1 արագաչափ՝ Խանջյան-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: