Mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի:
Գործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
***
Ադրբեջանցիների կրակահերթերը Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ շարունակվել են հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերվա ընթացքում: Արձակված գնդակներից վնասվել են տների պատերն ու պատուհանները, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Չինարիի գյուղապետ Սամվել Սողոյանը տեղեկացրեց, որ կրակոցները սկսվել են ժամը 22:00-ի սահմաններում և շարունակվել մի քանի ժամ: «Կրակոցներ էին հնչում նաև ցերեկվա ժամերին, մոտավորապես ժամը 14:00-16:00-ի հատվածում: Սակայն գիշերը հակառակորդը կրկին ակտիվացավ և ժամեր շարունակ կրակոցներ էր արձակում գյուղի ուղղությամբ: Կրակահերթերից տուժել են հիմնականում տների արտաքին հատվածները, պատերը, պատուհանները: Մի դեպքում էլ արձակված գնդակը անցել է պատուհանով և վնասել բնակիչներից մեկի տան սառնարանը»,- ասաց Սողոյանը:
Չինարիի գյուղապետը տեղեկացրեց, որ հարևան սահանամերձ գյուղերում իրավիճակն ավելի հանգիստ է եղել և կրակոցներ չեն հնչել: Չինարիում եւս դրանք դադարել են:
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակրոցներն ակտիվ էին նաեւ հունիսի 28-ին' ժամը 17:00-ից: Կրակահերթի տակ են եղել Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերը: Այգեպարում վնասվել է գազատար խողովակը: Գյուղերը լուրջ վնասներ են կրել: Մինչ այդ' հունիսի 25-ին, ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել էր գյուղը, գնդակները հասել էին գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավոր ներ չեն եղել:
***
Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 3-ից 9-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 2 երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, հուլիսի 6-ին տեղական ժամանակով ժամը 11:13-ին Վանաձոր քաղաքից 10 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Երկրաշարժն զգացվել է Լոռու մարզում, մասնավորապես մարզկենտրոնում' Վանաձոր քաղաքում, այն զգացվել է 3-4 բալ ուժգնությամբ:
***
Շիրակի մարզի կարկտահարությունից տուժած 21 համայնքներին աջակցություն ցուցաբերելու հարցը կհստակեցվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 9-ին այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել համայնքներում ստեղծված վիճակին:
Վարչապետի խոսքով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի վնասի չափերը և կներկայացնի օժանդակություն ցուցաբարելու առաջարկություններ:
Միաժամանակ՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կարկտահարությունից տուժել է նաև Ստեփանավանը: Վարչապետը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ կառավարության նիստից հետո այցելել Ստեփանավան և ծանոթանալ ստեղծված իրավիճակին:
***
Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ մարզային քննարկումներին զուգահեռ Երևանում անցկացվում է նաև միջազային համաժողով «Սահմանադրական բարեփոխումները ժողովրդավարական զարգացման համատեքստում» խորագրով, որին մասնակցում են արտասահմանցի և հայ փորձագետներ: Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի խոսքով' նման լսարաններում մտքերի փոխանակման ժամանակ կարելի է հասնել լուծումների, առաջարկների, որոնք հաշվի կառնվեն հայեցակարգի մշակման ժամանակ: «Մենք կկարողանանք շրջադարձային այս փուլում գտնել այնպիսի լուծումներ, որ մեր երկրի և հասարակության կայուն զարգացումը երաշխավորված լինի: Առաջին անգամ է մեր հայ իրականության մեջ, որ կարևորագույն նշանակության խնդիրը ընդհուպ մինչև լուծման եզրին հասնելը, հանրային քննարկման առարկա է դառնում նախագծային փուլում: Հանձնաժողովը ձեռնարկեց այդ քննարկումները ոչ պատահական ձևով, այլ նկատի ունենալով, որ հայեցակարգում լուծումները չպետք է հիմված լինեն այս կամ այն անձի, քաղաքական ուժի կոնկրետ նկրտումների շրջանակներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց Գագիկ Հարությունյանը: