mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
Հուլիսի 1-ին կեսօրից հետո հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանի խոսքով՝ հայկական կողմը ժամանակին նկատել և կանխել է դիվերսիոն ներթափանցման փորձը:
«Հայկական կողմը զոհեր կամ վիրավորներ չունի»,- ասաց Հովհաննիսյանը:
***
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գնահատմամբ' Հայաստանի սահմաններում և ԼՂՀ շփման գոտում իրավիճակը միշտ լարված է, պարզապես կրակոցների թիվն է երբեմն ավելանում կամ պակասում: Նախարարի խոսքով՝ վերջին օրերին որոշակի լարվածություն նկատվում է հատկապես երկրի հյուսիս-արևելյան սահմանին: Տավուշի մարզում գնդակոծվել են սահմանային գյուղեր և թեպետ հայկական կողմը մեծ առումով տուժածներ չի ունեցել, սակայն հայկական զինված ուժերը արժանի պատասխան են տվել: «Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են: Այդ ավելացումները քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակներում ենք դիտարկում: Վերջերս նրանք նշում էին բանակի տոնը և դրա շրջանակում սահմանին կրակոցներն ու լարվածությունն ավելացել է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը' հավելելով, որ դիվերսիոն գործողություններ չեն եղել, սակայն կրակել են տարբեր տիպի և տրամաչափի զենքերից: Հակառակորդը գործի է դրել դիպուկահարների, հրաձիգերի և նռնակաձիգերի:
«Սակայն մեր դիրքապահների՝ տեղում իրադրության գնահատման արդյունքում համարժեք պատասխանն է եղել: Շատ դեպքերում մենք կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում' կանխատեսելով այս կամ այն հատվածում կրակոցների հնարավորությունը և լարվածությունը»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման արդյունքում հայկական կողմը երբևէ չի դիմել ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ-ին դիմելու և աջակցություն ստանալու համար կա ընթացակարգ, երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը և երբ պատերազմական մարտական գործողությունն անխուսափելի է, գերատեսչությունների կողմից' աշխատանքային ալգորիթմի շրջանակներում, համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, որն էլ դիմում է ՀԱՊԿ ղեկավարությանը: Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է , որ դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե նման հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա արձագանքել, ապա հայկական բանակն ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բանակն ամրանում, կատարելագործվում և ավելի մարտունակ է դառնում և ի վիճակի է ինքնուրույն լուծել իր առջև դրված խնդիրները: Դա նորություն չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախարարի խոսքով՝ երկրագնդի վրա չկա որևէ երկիր, որտեղ առանց երրորդ ուժի' ուժերի հավասարակշռության շնորհիվ կարողանան ապահովել հրադադարի հարաբերական պահպանում: «Մենք ՀՀ և ԼՂՀ տարածքում ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ ուժերով, առանց երրորդ ուժի հավասարակշռության, պահպանում ենք իրադրությունը: Դա վերաբերում է ոչ թե քանակական, այլ որակական հավասարակշռությանը՝ մարտունակությանը, զինծառայողների ոգուն և պատրաստվածությանը: Այլ բան է, որ ՀԱՊԿ-ին ցույց տանք և տեղեկացնենք, որ համապատասխան հայտարարություն արվի: Այդ մասին, Նիկոլայ Բորդյուժայի հետ իմ հանդիպման ժամանակ ասվել է , որպեսզի նա հավասարակշռված մոտեցում ցուցաբերի խախտումների նկատմամբ և շեշտեն, թե խախտումները որ կողմից են»,- ասաց Օհանյանը' ընդգծելով, որ երբևիցե հայկական կողմից խախտումներ չեն եղել. հայկական կողմը միշտ խստորեն պատասխանում է խախտումներին:
Նախարարի գնահատմամբ՝ ելույթների, հայտարարությունների կամ քննարկումների ժամանակ ՀԱՊԿ ղեկավարությունը ԼՂ հակամարտության հարցը չեն շրջանցում: Ըստ Օհանյանի՝ ՀՀ և ԼՂՀ տարածքներում հակամարտության հարցը կա և ՀԱՊԿ պետությունների ղեկավարների մեր հետ միասին աշխատում են, որ միջազգային նորմերը, այդ թվում՝ ուժի չկիրառումը հաշվի առնվի և դրա շնորհիվ է, որ տարիներ շարունակ հակառակորդը զերծ է մնում ուժի չկիրառումից:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի 1-ին կայացած նիստում որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի թանկացման մասին: «Եթե մենք հիմա ճիշտ ազդակ չհաղորդենք այս համակարգում, ապա այս համակարգն այն վիճակում է, որ կայունությունը կարող է խարխլվել, և մենք ավելի կտուժենք, քան այս սոցիալական բեռն է: Այս նիստը չէր հրավիրվի և չէինք փորձի հանրությանը վատ իրավիճակի մեջ դնել, եթե չլիներ այդ խնդիրը: Եթե ունեք լուծումներ, առաջարկեք, և մենք մինչ որոշումն ուժի մեջ մտնելը կքննարկենք դրանք»,- ասաց ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նիստին մասնակից քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Որոշման համաձայն' 35 կՎ և բարձր լարմամբ սնվող սպառողների համար' ցերեկային սակագին' 32.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 28.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար' ցերեկային սակագին' 38.85 դրամ/ կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը, գիշերային սակագին' 28.85 դրամ/կՎտժ' ներառյալ ավելացված արժեքի հարկը: 0,38 կՎ լարմամբ սնվող սպառողների, այդ թվում բնակիչների համար' ցերեկային սակագին 41,85 դրամ/կՎտժ, գիշերային' 31.85 դրամ/Վտժ: Գիշերային սակագները հաշվարկվում են սպառողի մոտ բազմասակագնային էլեկտրոնային առևտրի հաշվառքի սարքի առկայության դեպքում: Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 1-ից:
***
Հանրապետության նախագահն առաջարկել է վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով, վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ: Նախագիծը պետք է ներկայացվի 2014թ. հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
***
Այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա, որին մասնակցում էին տասնյակ քաղաքացիներ, որոնց թվում էին նաև ԱԺ պատգամավորներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ ինքն առաջին հերթին ակցիա է եկել, քանի որ գտնում է, որ բողոքի ակցիաներ հարկավոր են:
«Առաջին հերթին ես այստեղ ներկա եմ այն պատճառով, որ ես էլ եմ գտնում՝ անհրաժեշտ են բողոքի ակցիաներ և ինքս նաև որպես քաղաքացի եմ գտնում, որ պետք է ներկա լինեի: Պետք է նաև այստեղ լինենք, որպեսզի քաղաքացիների նկատմամբ բռնություն չկիրառվի, - ասաց Փոստանջյանը:
Մանրամասները՝ Լուրեր.com-ի տեսանյութում