mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
Խորհրդարանը քվեարկությամբ և առաջին ընթերցմամբ ընդունեց «Տրանսֆերային գնագոյացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է տրանսֆերային գնագոյացման հասկացությունը, մեթոդները, որոնց վրա հիմնվում է տրանսֆերային գնագոյացումը, ինչպես նաեւ կարգավորում է տրանսֆերային գնագոյացման հետ կապված մյուս հարաբերությունները: Նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 35 պատգամավոր:
Օրենքի նախագծի նպատակը փոխկապակցված անձանց միջև իրականացվող գործարքների պայմանների կարգավորման համար տրանսֆերային գնագոյացման համակարգի ներդրումն է: Մասնավորապես, նախագծի նպատակն է ներդնել «պարզած ձեռքի հեռավորության» սկզբունքը, որը կիրառվող միջազգային ստանդարտ է եւ հաստատված է Եվրոպական միության եւ կրկնակի հարկումը բացառելու ՀՀ հարկային համաձայնագրերում ներառված պետությունների կողմից:
ՀՀ հարկային համակարգի ներկայիս կառուցվածքը թույլ է տալիս կատարել տրանսֆերային գնագոյացման չարաշահումներ, ինչը հնարավոր չէ կարգավորել գործող օրենսդրության պայմաններում: Միջազգային առեւտուրը, օտարերկրյա ուղղակի ներդրումների մակարդակը կտրուկ աճել են Հայաստանում եւ շարունակում են աճել' ՀՀ հարկման բազաները (եկամտահարկի, շահութահարկի, մետաղական օգտակար հանածոների ռոյալթիների մասով) ենթարկելով ռիսկի' կապված տրանսֆերային գնագոյացման չարաշահումների հետ:
«Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնց արդյունքում մետաղական օգտակար հանածոների համար վճարվող ռոյալթիները կարող են ուղղակիորեն կապված լինել փոխկապակցված անձանց գործարքների հետ: Չնայած Հայաստանը աշխարհի 37 երկրների հետ ունի կրկնակի հարկման համաձայնագրեր, սակայն գործող օրենսդրությունը բավարար չէ տրանսֆերային գները վերանայելու եւ ճշգրտելու համար:
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ հարկ վճարողները պաշտպանված կլինեն համաձայնագրի կողմ հանդիսացող պետությունների կողմից իրականացվող տրանսֆերային գնագոյացման ճշգրտումներից, եւ այդ ճշգրտումները կիրականացվեն բացառապես համաձայնագրերի շրջանակներում' դրանով իսկ կրճատելով կրկնակի հարկումը: Հայաստանում կներդրվի տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ միջազգային առաջավոր փորձը, ինչը ներդրողների համար կնվազեցնի անորոշությունները, տեղի կունենա պետական բյուջեի եկամուտների աճ:
***
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ, որում անդրադարձավ ոչ իշխանական ուժերի պատգամավորների հնչեցրած քննադատություններին և իշխանության հասցեին վիրավորանքներին:
Շարմազանովն ընդգծեց, որ իր մեջ տպավորություն է ստեղծվել, որ իրենք գտնվում են ոչ թե հայոց խորհրդարանում, այլ տարրական դպրոցում, որտեղ իրենք ունեն բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն էլ աշակերտներ են: «Հարգելի՛ բարեկամներ, մենք շատ հարգում ենք և′ ձեր տարիքը, և′ փորձը, և′ ծառայությունները հայրենիքի հանդեպ, սակայն խնդրում եմ մեզ դասեր մի տվեք: Ի՞նչ է նշանակում գաք այստեղ 70 հոգու դաս տաք՝ այսպես պետք է լինի կամ այնպես պետք է լինի»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակն ընդգծեց, որ քաղաքական բազմակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է, և իրենք հարգում են այդ բազմակարծությունը: «Մենք որևէ մեկին չենք վիրավորում և դասեր չենք տալիս: Մենք բնական ենք վերաբերվում, որ ոչ իշխանական քաղաքական ուժերի կարծիքները մեր կարծիքի հետ չեն համընկնում: Բայց գալ և այս ամբիոնից դասեր տալ, ասել, որ կարդացած չեք, անընդունելի է: Այդ ե՞րբ եք ստուգել և ո՞վ է որոշել՝ կարդացած ենք, թե կարդացած չենք»,- նշեց Շարմազանովը:
***
Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էականորեն նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դիմաց գանձվող տուգանանքերի չափը: Նախագծին կողմ քվեարկեց 98, դեմ ՝ 2, ձեռնպահ՝ 5 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ով ընդգծեց, որ նման օրինագիծ շրջանառության մեջ է դրել նաև ՕԵԿ խմբակցությունը, ուստի իրենք կողմ կքվեարկեն նախագծին: «Մենք կողմ կքվեարկենք այս նախագծին, իսկ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կքննարկենք նախագծում որոշ փոփոխություններ մտցնելու հարցը»,- ասաց նա:
Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ նաև ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ով հիշեցրեց, որ նախագծում սահմանված դրույթները քառյակի 12 կետերից մեկն է: «Ճիշտ է' մեր պահանջն ավելի խիստ էր, սակայն դրական քայլ ենք համարում այս նախագիծը, ուստի ԲՀԿ խմբակցությունը կողմ կքվեարկի այս նախագծին»,- ասաց Զոհրաբյանը:
***
Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց կուտակային կենսաթոշակների մասին կառավարության նոր նախաձեռնության վերաբերյալ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթին:
Լևոն Զուրաբյանն իր ելույթում խիստ քննադատության ենթարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ելույթի վերջում Լևոն Զուրաբյանը նշեց, որ այս օրենքի նախագիծը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իրենց գլխավոր խնդիրը պետք է լինի Սերժ Սարգսյանի իշխանությունից ազատվելը:
Արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավարին՝ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ անհասկանալի է, թե ինչի համար է պատգամավորը նման տոնով խոսում: «Ես չեմ հասկանում' Դուք նման ելույթներով ինչի՞ եք ցանկանում հասնել: Դուք ցանկանում եք, որ քաղաքական մեծամասնության նյարդերը տեղի՞ տան: Հավատացեք' չեք կարող հասնել դրան: Քաղաքական մեծամասնությունը նյարդայնանալու խնդիր չունի, ինչպես նաև «ռեմբոյության» խնդիր չունի: Խնդրում եմ, նման տոնայնությամբ ելույթներ մի ունեցեք»,- ասաց Նաղդալյանը:
ԱԺ փոխխոսնակը հիշեցրեց, որ քիչ առաջ ԱԺ ամբիոնից քննադատական ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ում ելույթը, թեև քննադատական էր, սակայն կառուցողական. Նաղդալյանը կոչ արեց հետևել ՀՅԴ պատգամավորի օրինակին:
***
Ազգային ժողովը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանից նամակ-առաջարկ է ստացել արտահերթ նիստի օրակարգից մի շարք նախագծեր հանելու վերաբերյալ: Այս մասին նիստի ընթացքում տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
ՀՀ վարչապետն առաջարկել է արտակարգ նստաշրջանի օրակարգից հանել «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Պետական գույքի կառավարման մասին», «Պետական գույքի մասնավորեցման մասին 2006-2007թթ ծրագրի մասին» և « Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովը հունիսի 18-ին արտահերթ նստաշրջան է գումարել: Խորհրդարանն արտահերթ ռեժիմով աշխատանքները կշարունակի նաև հունիսի 21-ին:
***
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ևս երեք օրենսդրական նախաձեռնություններ կհանվեն խորհրդարանի արտահերթ նստաշրջանի օրակարգից: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Տեղեկացնեմ, որ մենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանից գրություն ենք ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրա կարգից հանելու վերաբերյալ»,- նշեց Շարմազանովը:
Արտահերթ նստաշրջանի օրակարգից կհանվեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին երկու օրենքների, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և հարակից մի շարք նախագծերում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերը:
Հիշեցնենք, որ վարչապետի մեկ այլ գրություն էլ ԱԺ ամբիոնից ընթերցել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որով արտահերթ նստաշրջանի օրակարգից ևս մի շարք հարցեր հանվել էին: