mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

Հայաստանում բնակվող 105 հազար անապահով ընտանիքի սոցիալական նպաստի չափը օգոստոսից կկազմի 30 հազար 350 դրամ: Կառավարությունը հուլիսի 3-ի նիստում հավանության արժանացրեց ներկայացված նախագիծը, որով նախատեսվում է էլեկտրաէներգիայի թանկացումը մեղմելու նպատակով սոցիալական աջակցություն ցուցաբերել անապահով ընտանիքներին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով' էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար փոխհատուցումը կտրամադրվի նպաստ ստացող բոլոր ընտանիքներին: «Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալներով' էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը այդ ընտանիքներից յուրաքանչյուրի կողմից կազմում է ամսական շուրջ 200 կվ/ժամ: Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի 3,85 դրամով թանկացումից հետո էլեկտրոէներգիայի համար լրացուցիչ ծախսը մեկ ընտանիքի համար կկազմի 770 դրամ: Կառավարությունն իր վրա է վերցնում այդ ծախսը' նպաստի բազան ավելացնելով 1000 դրամով: Արդյուքում կենսաապահովման նպաստների միջին ամսական չափը կկազմի 30 հազար 350 դրամ' 29 հազար 350 դրամի փոխարեն»,-ասաց Ասատրյանը:

 

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 1-ին առաջարկել էր վարչապետին գտնել եղանակներ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել էր ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:

 

Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը կայացրել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուլիսի մեկին. բնակիչները նախկին 38 դրամի փոխարեն կվճարեն 41,85 դրամ:

 

***

 

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց նպատակն է աղքատ ընտանիքների համար փոխհատուցել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված սպառման ծավալի մեծացումը և հնարավորինս աջակցել, կանխել աղքատության խորացումն այդ ընտանիքների համար: Որոշվել է դրամական օժանդակություն տրամադրել աղքատության հիմքով նշանակվող՝ կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին՝ ընտանեկան նպաստի բազային մասը բարձրացնելով 1000 դրամով, սոցիալական նպաստը՝ 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը՝ 1000 դրամով: Այսպիսով, նպաստի միջին ամսական չափը կբարձրանա 1000 դրամով՝ 29 հազար 350 դրամից դառնալով 30 հազար 350 դրամ:'

 

Մեկ այլ որոշմամբ' Վարդենիս համայնքում փոթորկից տուժած տնտեսություններին որպես անհատույց աջակցություն տրամադրվել է մետաղապլաստե բլոկով ցինկապատ մետաղական թիթեղ, արտասահմանյան պրոֆիլով պատուհաններ: Միաժամանակ նախատեսվում է հիմնանորոգել Մադինա համայնքի դպրոցը:

 

***

 

Պե­տական միջնաժամկետ ծախ­­­­սերի 2015-2017 թթ. ծրագրով համախառն ներքին արդյունքի իրական աճի ցուցանիշը դրսևորելու է աճի միտում' 5 - 5,7 տոկոսի շրջանակներում: ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագծով' ՀՆԱ-ի նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերկացության ցուցանիշը կտատանվի 24.13 - 24.34 տոկոսի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում' 23.2 - 23.7 տոկոսի սահմաններում:

 

Կառավարության նիստի ժամանակ, ներկայացնելով միջնաժամկետ ծախ­­­­սերի ծրագ­իրը, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ նախագծով հարկային եկամուտներ-ՀՆԱ հարաբերակցությունը ունի աճի միտում ' 23.4 տոկոսից հասնելով 23.84 տոկոսի, իսկ պետական բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը ՀՆԱ-ի նկատմամբ 2015-2017 թթ. պահպանելու է նվազման միտումը' 2 տոկոսից հասնելով մինչև 1.8 տոկոսի:

 

***

 

ՀՀ կառավարությունը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տրամադրեց «ԱՄ-ԷՍԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը: Կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով հարցի էությունը' ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ որոշման ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը:

 

«Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեի ծախսային մասում փոփոխություն չի նախատեսվում, իսկ եկամտային մասում սպասվում են ավելացումներ»,-ասաց Գիրգորյանը:

 

***

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Կարեն Գրիգորյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ):