mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց մի խումբ քաղաքացիներ այսօր անցկացրել են բողոքի ակցիա՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Քաղաքացիների պահանջները երկուսն են՝ չթանկացնել էլեկտրաէներգիայի սակագինը և սահմանել գնագոյացման հստակ մեխանիզմ:
Ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Տասնյակ ակտիվիստներ տեղափոխվել են ոստիկանություն:
Ակցիայի մյուս մասնակիցներն այժմ շարժվել են դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին՝ պահանջելու ազատ արձակել բերման ենթարկվածներին:
***
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մուտքի առջև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներից 27-ը տեղափոխվել են ոստիկանական բաժին:
Նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համար: Այժմ նախապատրաստվում են նյութեր:
***
Այսօր՝ հունիսի 23-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՀՀ ոստիկանապետի հրամանով Գարիկ Ղուկասյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վ. Գասպարյանի հրամանով Ռոման Կիրակոսյանն ազատվել է Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հունիսի 22-ին' ժամը 21.15-ին, Երևանի Աբովյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում նկատել են, որ թիվ 44 համարի երթուղային տաքսում 4 երիտասարդ վիճաբանում և հարվածում են մի երիտասարդի:
Վիճաբանող 4 երիտասարդները բերման են ենթարկել բաժին: Պարզվել է, որ նրանք օտարերկրյա քաղաքացիներ են, իսկ ծեծի ենթարկվածը' Արարատի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ, ով հրավիրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին, սակայն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է հետաքննություն:
***
Երևան քաղաքում հունիսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 112 տրանսպորտային միջոց:
25 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 84-ը' առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ 3 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարքավորում: