mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

Թուրքական «Թարաֆ» թերթի հրապարակումն այն մասին, թե վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու հանձնարարական է տվել, հիստերիայի հերթական ալիքն է բարձրացրել Ադրբեջանում: Չնայած թուրքական լրատվամիջոցները, մեկը մյուսի հետևից, իրենց աղբյուրները վկայակոչելով, հրապարակել են այս տեղեկությունը և պաշտոնական Անկարան այն չի հերքել, հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարից տագնապած ադրբեջանական լրատվամիջոցները, իբր, դիմել են Թուրքիայի ԱԳ նախարարություն, որտեղից հայտնել են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Թարաֆ» թերթը գրել է, թե օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրություններում երկրի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Էրդողանը պատրաստվում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու նպատակով կատարել երկրորդ քայլն ապրիլի 24-ին ընդառաջ հղված «ցավակցական» ուղերձից հետո:

 

Հղում կատարելով սեփական աղբյուրներին, թերթը նշում է, որ հանձնարարվել է ղարաբաղյան պատերազմի պատճառով 1993 թվականից Հայաստանի հետ փակ Ալիջանի սահմանադուռը բացելու համար ավարտին հասցնել բոլոր պատրաստությունները: Ըստ թերթի' սահմանադուռը ծրագրվում է բացել սեպտեմբերին, ինչով Թուրքիան նպատակադրվում է նորմալացնել ԱՄՆ-ի և Հայաստանի հետ իր հարաբերությունները:

 

Թերթը նշում է, որ Ալիջանի սահմանադուռը բացելու նախապատրաստական աշխատանքները թուրքական կողմը սկսել էր դեռևս 2012 թվականից: Այդ ընթացքում դեպի Ալիջանի սահմանակետ ձգվող 7 կմ ճանապարհը հիմնանորոգվել և ասֆալտապատվել է: Անցակետը տեխնիկապես վերազինվել է մաքսային ծառայության համար անհրաժեշտ X Rayler սարքավորումներով:

 

«Թեև հստակեցված չէ սահմանի պաշտոնական բացման ժամանակացույցը, սակայն, կուլիսներում խոսակցություններ կան, որ հավանաբար այն կբացվի սեպտեմբերին»,- գրում է թերթը:

 

Ըստ թերթի՝ հայ-թուրքական սահմանը բացելու ցանկություն էր հայտնել ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2009 թվականին Անկարա կատարած այցի ժամանակ: «Ակնկալվում է, որ սահմանի բացմամբ ոչ միայն կկարգավորվեն Հայաստանի հետ հարաբերությունները, այլ որոշակիորեն կբարելավվեն նաև ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները: Թուրքիայի կողմից սահմանի բացմանը կհետևի Հայաստանի պատասխան քայլը, ինչի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններ կսկսեն ընթանալ»,-գրում է թուրքական թերթը:

 

Հայկական կողմը մշտապես հայտարարել է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին, ինչին ի պատասխան ստացել է թուրքական կողմի հստակ արձագանքը' նախապայմանների լեզվով' երկկողմ հարաբերությունները փոխկապակցելով ԼՂ հիմնահարցի հետ:

 

***

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոնկրետություն է պահանջում կոնկրետ և բացահայտ հնչած առաջարկից, քանի որ չգիտի, թե այս անգամ նախագահների հետ հանդիպման ժամանակ ինչ պետք է ասի: ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի գնահատմամբ՝ չի կարող երկրի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ խոստանալ մի բան, սակայն իրականացնել հակառակը: Հենց սա է պատճառը, որ Ալիեւը խնդիրներ է առաջացնում և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կոնկրետ արված հայտարարության վերաբերյալ պահանջում կոնկրետություն:

 

Սա, ըստ Մանոյանի, հերթական անգամ ապացուցում է Ալիեւի արտաքին քաղաքականության ձախողումը: «Եթե երկիրը չի կարողանում արտահայտել իր տեսակետը, և հանդիպման ժամանակ մեկ բան է խոստանում, սակայն իր տանը մեկ այլ որոշում ընդունում, դա խոսում է Ադրբեջանի արտաքին քաղաքականության վախճանի մասին: Ալիևը խուսափում էր հանդիպումներից, դրա համար էլ խեղաթյուրում է իրականությունը: Այս հարթության մեջ Ադրբեջանը վաղուց պարտություն է կրել»,- «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Կիրո Մանոյանը' հավելելով, որ վերջերս նման ցավոտ պարտություններ Ադրբեջանը հաճախ է կրում:

 

Դաշնակցական գործիչը հիշեցրեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական ելույթը' հավելելով, որ նման պահվածքը Ադրբեջանի համար ոչ թե դրական քայլ էր, այլ պարտություն:

 

***

 

Ադրբեջանի իշխանությունը լուրջ անհանգստացած է Արեւմուտքի դեմ Ռուսաստանի գործոնով շանտաժի քաղաքականության ձախողման պատճառով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ մինչ վերջերս մարդու իրավունքների հետ կապված Արեւմուտքի կոչերին Ադրբեջանի իշխանութունը պատասխանում էր ավանդաբար' շանտաժի լեզվով, իսկ պաշտոնական եւ կառավարության վերհասկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն էլ շարունակաբար արշավ էին տանում ԱՄՆ-ի եւ Եվրոպայի դեմ:

 

«Ադրբեջանն Արեւմուտքին շանտաժ էր անում Ռուսաստանի գործոնով: Իշխանությունը կարծում էր, որ ինչպես նախկինում, այս անգամ եւս Արեւմուտքը տեղի կտա շանտաժի արշավին' չխորացնելով իշխանության հետ հարաբերությունների փչացումը, հաշվի կառնի Ռուսաստանի վտանգը եւ այլն: Սակայն, այս անգամ հակառակը տեղի ունեցավ: Սկզբունքայնություն ցուցադրելով դիրքորոշման մեջ, Արեւմուտքն ավելի խստացրեց մարդու իրավունքների, դեմոկրատական սկզբունքների հարցերում Ադրբեջանի իշխանություններին արվող կոչերը: Ադրբեջանի իշխանությունը հզոր հարված ստացավ, նույնիսկ, իրեն ա զատ եւ վստահ զգացող տեղում' Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վերհաժողովում (ԵԽԽՎ): Դրա օրինակը կարող է լինել ԵԽԽՎ-ում երկրի ղեկավար Իլհամ Ալիեւի' տհաճ հարցերի հետ առնչվելու փաստը: Մինչ այժմ ոչ մի երկրի ղեկավարի դեմ նման վատ վերաբերմունք չէր ցուցաբերվել: Նույնիսկ կառավարության ներկայացուցիչներն են խոստովանում, որ ԵԽԽՎ-ում Իլհամ Ալիեւի դեմ ագրեսիա կար:

 

Բացի դրանից, Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի անցկացրած նստաշրջանում, չնայած իշխանության դիմակայությանը, Ադրբեջանի ժողովրդավարցման համար կարեւոր որոշումներ ընդունվեցին: Իշխանությունն այդ նստաշրջանում պարտություն կրեց այն առումով, որ երկրում գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտները պաշտպանություն գտան ԵԱՀԿ մակարդակով, կառույցը որոշեց վերականգնել Բաքվում իր գրասենյակի գործունեությունը, պահանջեց Անար Մամեդլիին ճանաչել որպես քաղբանտարկյալ եւ այլն: Բացի այդ, եվրոպացի պատգամավորները նստաշրջանում բարձրաձայնեցին Ադրբեջանում խոսքի եւ մամո ւլի ազատությունը խեղդելու, քաղաքական կուսակցություններին, իրավապաշտպաններին ճնշումների ենթարկելու մասին: Եթե նախկինում իխանությունն այդ ճնշումների դեմ կարողանում էր Արեւմուտքին հետ պահել Ռուսաստանին ռեվերանսներ անելու միջոցով, ապա այժմ արդեն դա եւս արդյունք չի տալիս: Քանի որ իշխանությունը հասկանում է, որ Ռուսաստանն ինքը եւս լուրջ ճնշումների առաջ է կանգնած: Այսպիսով, լուրջ անհանգստություն ապրող իշխանությունը հայտնվել է նաեւ անորոշության մեջ եւ դժվարանում է որոշել, թե ինչ պետք է անի Արեւմուտքի կողմից պահանջվող դեմոկրատական բարեփոխումները մերժելուց հետո», -գրում է «Ազադլըգ»-ը: