mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ ընդունելի չէ Հայ ազգային կոնգրեսի համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը' նշելով, որ թեև ասուլիսի է եկել հայտնելու իր տեսակետը, սակայն խմբակցությունում ևս իշխող է նման դիրքորոշումը: «Ես ցանկություն չունեմ կարդալու նրա հարցազրույցը: Շատ վաղուց ինձ համար նման քա ղաքական գործիչ գոյություն չունի, և ես չեմ ընդունում նման քաղաքական գործչի»,-հայտարարեց Մանուկյանը: Նա հրաժարվեց պատասխանել Քոչարյանի հարցազրույցին վերաբերող մյուս հարցերին' շեշտելով, որ ասուլիս գալուց առաջ փորձել է զսպել իրեն և լինել չափավոր:
Արամ Մանուկյանը, սակայն չհրաժարվեց մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում առանձնակի ընդգծված' «Որոտանի կասկադի» վաճառքին վերաբերող հարցերը: Մանուկյանը նշեց, որ իր համար էներգակիրները' իրենց զուտ նշանակությունից զատ, ունեն նաև պետականության պահպանման և սուվերենության նշանակություն: «Դրանք, ռազմավարական արժեքներ, պետություն պահող արժեքներ և տնտեսական լուրջ լծակներ են: Եթե մենք պայքարում ենք դրանց համար, ունենք մի հեռահար մղում' դա հայրենիքի ուժեղ լինելն է: Փառք աստծո, որ կան քաղաքական և քաղաքացիական ուժեր, որոնք կ ռիվ են տալիս դրա համար»,- ասաց Մանուկյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 23-ին հարցազրույց է տվել իր պաշտոնական' 2rd.am կայքէջին, որտեղ հանդես է եկել իշխանությունների հասցեին նոր քննադատությամբ՝ մեկնաբանելով Հայաստանի իշխանություններին ներկայացրած խորհրդարանական փոքրամասնություն կազմող չորս խմբակցությունների պահանջները: Հարցազրույցում Քոչարյանը, մասնավորապես, պաշտպանել է ընդդիմության կոչը՝ առանց Ազգային ժողովի հաստատման բացառել «Որոտանի հէկերի» վաճառքը կամ մասնավորեցումը:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Յուրի Վարդանյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թբիլիսի):
***
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի հանրային քննարկումների ընթացքը և միջանկյալ արդյունքները, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը գոհունակություն է հայտնել հանրային քննարկումների ընթացքի և բովանդակության կապակցությամբ, նշելով, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը բավականին մեծ է, իսկ քննարկումների մասնակիցների ակտիվությունը՝ սպասելի բարձր:
***
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ են նշանակվել:
Հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 40-րդ հոդվածով և հիմք ընդունելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին առաջարկությունները' որոշում եմ.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել'
Գեորգի Մարտրիոսյանին' Հայաuտանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով,
Նունե Հովհաննիսյանին' Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած անդամ՝ վեց տարի ժամկետով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 15-ից»:
***
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և Հրաչյա Հարությունյանի փաստաբանների համատեղ աշխատանքը գրանցել է նոր դրական արդյունք: Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանի դատավոր Լ. Նիկոլենկոն կայացրել է որոշում, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանին խալաթով և հողաթափերով դատարան բերելը վիրավորել է վերջինիս արժանապատվությունը: Այս մասին Օմբուդսմենին հայտնել է Հրաչյա Հարությունյանի պաշտպան Ռուբեն Մարկարյանը:
Դատարանը որոշել է, որ Հրաչյա Հարությունյանին նման տեսքով դատական նիստին ներկայացնելը վկայում է դատարանի և հասարակության հանդեպ քննիչի անհարգալից վերաբերմունքի և իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման մասին:
Հարությունյանը, սակայն, մտադիր չէ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դիմել դատարան: Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ իրենց լիովին բավարարում է այն, որ դատարանն իր վերոնշյալ որոշմամբ ընդունել է Հրաչյա Հարությունյանի իրավունքների խախտումը:
Օմբուդսմենը և փաստաբանական թիմը շարունակում են համագործակցությունը Հրաչյա Հարությունյանի իրավունքների արդյունավետ պաշտպանության ուղղությամբ: