mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
ՀՀ Սահմանադրությունը 19 տարեկան է:
19 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 5-ին, համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ սահմանադրությունը։ Սահմանադրության փոփոխությունները կատարվել են 2005թ. նոյեմբերի 27-ի ՀՀ հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:
Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա: Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով:
2001թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում: Սակայն 2003թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց: Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց:
ՀՀ Սահմանադրությունը բաղկացած է նախաբանից և 9 գլխից: Նախաբանը սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքներն ու նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը):
ՀՀ Սահմանադրության 1-ին գլխի 2-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։
***
Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը:
Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը:
Սահմանադրության օրվա հետ մեկտեղ հուլիսի 5-ին նշվում է ՀՀ պետական խորհրդանշանների օրը տոնական քայլերթով, որի նախաձեռնությունը «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամինն է: ՀՀ կառավարությունը 2013թ. հուլիսի 4-ի նիստում հավանություն է տվել «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին' ՀՀ մշակույթի նախարարի առաջարկությամբ, որով հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա հետ մեկտեղ, պետք է նշվի նաև պետական խորհրդանշանների օրը: Որոշումը սահմանված կարգով ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը: ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքներն ընդունվել են 2006թ. հունիսի 15-ին:
2010 թվականին հունիսի 15-ին Հայաստանում առաջին անգամ նշվեց ՀՀ պետական խորհրդանշանների օրը եռագույնի քայլերթով, որը միավորեց տարբեր մարզերի հազար երիտասարդների ու երեխաների: Քանի որ օրն աշխատանքային էր, իսկ ոչ աշխատանքային օրերի քանակը տարվա մեջ արդեն առավելագույնն էր, այդ պատճառով որոշվեց խորհրդանշանների տոնը նշել հենց Մայր օրենքի օրվա հետ:
Այս տարի քայլերթը սկիզբ կառնի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքից, կշարժվի Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով եռագույն քայլերթը կհասնի Հանրապետության հրապարակ, այդտեղից՝ Աբովյան և Թումանյան փողոցներ և կրկին Ազատության հրապարակ: Քայլերթը կտև 30-40 րոպե. կմասնակցեն ՀՀ բոլոր մարզերից և Երևանի վարչական շրջաններից երիտասարդներ և երեխաներ, ինչպես նաև 40-ից ավելի հասարակական կառույցներ:
***
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Մեր երկրի Մայր օրենքն արտահայտիչն է մեր ժողովրդի ընտրած ուղու՝ ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու ճանապարհի: Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն:
Երկրի քաղաքական կյանքում եղել են նույնիսկ ճգնաժամային իրավիճակներ, բայց անգամ այդ դեպքերում Սահմանադրությունը դրսևորել է իր կենսունակությունը և բացահայտել մարտահրավերները հաղթահարելու հնարավորությունները:
Այս ընթացքում հասունացել է նաև երկրում համակարգային փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտությունը: Առանց սահմանադրական նոր բարեփոխումների դրանք չեն կարող լինել ամբողջական և համընդգրկուն: Այսօր սահմանադրական բարեփոխումների նոր առաջարկներն ակտիվորեն քննարկվում են մասնագետների և շահագրգիռ անհատների ու կազմակերպությունների կողմից:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ պետական նշանակալի տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիս, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամեն օր իրականացվի սրբությամբ և անշեղորեն ծառայի քաղաքակիրթ ապրելակերպի ու զարգացման նպատակներին:
***
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ մեր պետական կարևորագույն տոներից մեկի' Սահմանադրության օրվա առթիվ:
Սահմանադրությունը որպես մայր օրենք իրապես համարվում է պետության ընթացքն ուղղորդող, քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ապահովող և երաշխավորող վճռորոշ փաստաթուղթ: Ժամանակի պահանջով սահմանադրական բարեփոխումները կենսական անհրաժեշտություն են դառնում պետական ու հասարակական-քաղաքական կյանքի առաջընթացի համար: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից և դրանում կատարված փոփոխություններից հետո միջպետական ու հասարակական հարաբերություններում, քաղաքականության ասպարեզում, տնտեսության ոլորտում, մարդկանց գիտակցության մեջ զգալի տեղաշարժեր են կատարվել: Եվ ներկայումս ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները նպատակ ունեն մեր երկրի զարգացման ընթացքն ավելի համահունչ դարձնել ժամանակին:
Այն, որ առաջարկվող բարեփոխումների շուրջ քաղաքական տարբեր քննարկումներ, բանավեճեր ու տեսակետների բախումներ են տեղի ունենում, լավագույնս է վկայում Սահմանադրությամբ նախատեսված' մարդու իրավունքների ու ազատությունների անկաշկանդ ու անխոչընդոտ իրացման մասին, փաստելով, որ ժողովրդավարությունը մեզանում բավականին հասունացել է, որ հասարակությունը քաղաքական ու քաղաքացիական զարգացման մեծ դպրոց է անցնում:
Սիրելի հայրենակիցներ,
իրավունքների, պարտականությունների ու ազատությունների օբյեկտիվ ըմբռնումը, սեփական գործողությունների նկատմամբ քաղաքացու, պետության ու հասարակության պատասխանատու և գիտակցված վերաբերմունքը Հայաստանի առաջընթացի կարևոր գրավական են: Համոզված եմ, որ, հավատարիմ մնալով մեր ժողովրդի շահերին համապատասխանող իրական ժողովրդավարության սկզբունքներին, միասին մեր երկիրը կդարձնենք ավելի ուժեղ, մրցունակ ու բարեկեցիկ:
Մաղթում եմ ձեզ խաղաղություն, երջանկություն, լավատեսություն և հաջողություն հանուն յուրաքանչյուրիս ընտանիքի, հանուն հարազատ երկրի բարօրության և զարգացման»: