mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները

 

Ադրբեջանական կողմը շարունակում է լարվածության մեջ պահել հայ-ադրբեջանական սահմանը, հրաժարվում է դիպուկահարներին առաջին գծից հեռացնելուց եւ իր պետական քաղաքականության հետեւանքով առաջացող լարվածության մեջ մեղադրում է հայկական կողմին: Ադրբեջանական կողմի հերթական սադրանքն ու լարված վիճակը շարունակվում է շուրջ մեկ շաբաթ Թովուզի շրջանում: Նրանք անընդհատ կրակոցներ են արձակում հատկապես խաղաղ բնակիչների ուղղությամբ եւ փորձում իրավիճակն ապակայունացնել:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ թեպետ իրավիճակը լարված է, սակայն հայկական կողմը հսկում է իրավիճակն ու սահմանային անվտանգությունը: «Նրանք կրակում են, ստեղծում են լարված իրավիճակ եւ միջազգային բոլոր դիտորդների եւ կազմակերպություններին պահանջներից' հեռացնել դիպուկահարներին առաջին գծից' հրաժարվում են: Վերջին օրերին Թովուզի շրջանում իրավիճակը լարված է եւ հակառակորդը նպատակաուղղված կրակոցներ է արձակում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ լարված իրավիճակի միակ պատասխանատուն ադրբեջանական կողմն է, քանի որ Հայաստանի պետական եւ զինվորական բարձրաստիճան այրերը ոչ միայն հայտարարել են, այլեւ բազմաթիվ իրավիճակներում ապացուցել, որ ցանկանում են խաղաղություն եւ մտադրություն չունեն լարվածություն ստեղծել սահմանին:

 

«Հայկական կողմը եղել եւ շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ պատասխան կրակ է բացում միայն նպատակային կրակոցներին եւ դիրքերի ուղղությամբ: Անկանոն կրակոցներին հայկական զինված ուժերը չեն պատասխանում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Ինչ վերաբվերում է ադրբեջանական կողմի նեկայացրած տեղեկատվությանը, որ Թովուզի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին հրդեհ է գրանցվել, որի նախաձեռնողները հայերն են, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ ամեն տարի հակառակորդը դիմում է նույն գործողությանն ու սեփական տարածքում հրդեհներ բռնկելով ' դրանում մեղադրում է հայերին: Հայկական կողմն այս հարցի ուղղությամբ էլ բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է թույլ տալ, որպեսզի փաստահավաք առաքելություններն ուսումնասիրեն հրդեհները' համոզվելու, որ դրանք կամ եղանակով են պայմանավորված, կամ էլ հակառակորդի ձեռք ի գործն են: Այս հարցում նույնպես ադրբեջանական կողմը կառուցողականություն չի ցուցաբերում եւ մերժում է այդ առաջարկությունը:

 

Հունիսի 25-ին ադրբեջանական զինուժը կրակոցներ էր արձակել Հայաստանի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: Հակառակորդի զինուժը թիրախավորել է գյուղը, գնդակները հասել են գյուղապետարանի շենքին, եկեղեցուն, դպրոցին: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկային: Ադրբեջանական ուժերը վերջին շրջանում հաճախակի են դարձրել հայկական բնակավայրերի ուղղությամբ կրակահերթերն ու նպատակային հարվածները: Նրանք հրադադարի խախտում են թույլ տվել ընդհուպ նույնիսկ Նախիջեւանի սահմանին, որի հետեւանքով հունիսի 5-ին ՀՀ ԶՈւ պայմանագրային երկու զինծառայողներ էին զոհվել' 1988թ. ծնված Անդրանիկ Սամվելի Եղոյանը եւ 1992թ. ծնված Բորիս Բենիկի Գասպարյանը:

 

Հունիսի 24-ին Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Արմեն Արթուրի Ավետիսյանը:

 

***

 

ունիսի 27-ին, ժամը 10.21-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի գյուղապետարանի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, անհարժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ցած, ընկել ճամփեզրին հարակից տներից մեկի վրա և բռնկվել:

 

ՃՏՊ-ի հետևանքով Վարորդ Ա. Հ.-ն (ծնվ. 1995 թ.) և ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1988 թ.) տեղափոխվել են Բերդ քաղաքի հիվանդանոց, իսկ ուղևոր Ա. Բ.-ն (ծնվ. 1950 թ.) տեղում մահացել է:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.13-ին, մարվել է 12.22-ին:

 

Այրվել է տան երկրորդ հարկն ամբողջությամբ (մոտ 150 քմ) և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան:

 

Shamshyan.com-ի տեղեկություններով տեղում մահացել է Մեհրաբի զորամասի բուժակ, 64-ամյա Արևշատ Բաբասյանը: Ավտոմեքենայի մեջ է եղել նաև նշված զորամասի բուժկենտրոնի պետ Արման Բեջանյանը:

 

***

 

ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Մասիսի բաժին, որ Դավիթաշեն 4-րդ թաղամասի 22 շենքի բակում կնոջ դի կա:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները, ովքեր պարզել են, որ մահացածը նշված շենքի բնակիչ, 37-ամյա Ծովինար Շարոյանն էր, ով, ըստ հավաքվածների, լուսամուտները մաքրելու ժամանակ վայր է ընկել 7-րդ հարկից:

 

***

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները:

 

***

 

Հանրապետության 12346 դիմորդներ այս տարի բուհ ընդունվելու և միասնական քննություններ հանձնելու հայտ են ներկայացրել: 34 քննական կենտրոններում ընդհանուր առմամբ քննություններ են անցկացվել 15 առարկայից:

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում, ամփոփելով ընդունելության քննությունների 1-ին փուլը, նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը: Մելիքյանն ընդգծեց, որ միայն Երևանից քննություն հանձնելու համար դիմել է 4000 երիտասարդ:

 

«Միասնական քննությունների առաջին փուլն ավարտված է, իսկ նախնական արդյունքները վերլուծման փուլում են: Այժմ մեկնարկել են ներբուհական և կենտրոնացված բանավոր քննությունները: Ինչպես և ամեն տարի, այս անգամ ևս ամենաշատը քննություն են հանձնել հայոց լեզվից՝ 6838 դիմորդ: Ամենաշատ դիմորդների թվով աչքի են ընկնում մաթեմատիկայի, անգլերենի, հայոց պատմության քննությունները, իսկ մեկ դիմորդ քննություն է հանձնել պարսկերենից, սակայն, ցավոք, կտրվել է»,-նշեց Գագիկ Մելիքյանը: