mediamall.am-ն առանձնացրել է օրվա կարևոր նորությունները
«Օրինաց երկիր» կուսակցությունը հստակեցրել է քաղաքական օրակարգի սեփական գերակայությունները, որոնք հուլիսի 9-ին ներկայացվեցին մամուլի ասուլիսի ժամանակ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ նշեց այն խնդիրները, որոնք իրենք տեսնում են Հայաստանի սոցիալ-տնտեսական, քաղաքական, իրավական ու արտաքին քաղաքակության ոլորտներում, ապա դրանցից դուրս գալու ելքեր մատնանշեց: «Քաղաքական բլոկում հիմնական ելքն արդիականացում իրականացնելն է և 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցում կատարելը»,- ասաց քաղաքական գործիչը՝ նշելով, որ ՕԵԿ-ի այդ նախաձեռնությունը սատարել են բոլոր քաղաքական ուժերը: «Որոշում կա աշնանը ձևավորել աշխատանքային խումբ, որը կմշակի միասնական ընտրական օրենսգիրք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտնեց Արթուր Բաղդասարյանը:
ՕԵԿ-ը տնտեսական ոլորտում խնդիրների լուծման ելքը տեսնում է բիզնեսին ազատություն տալու մեջ: «Պետք է նվազեցնել հարկերը, սահմանափակել խոշոր սուպերմակետների առկայությունը, վերացնել տարբեր տեսչական մարմինների կողմից ստուգումները: Ընդհանրապես, պետք է ՀՀ-ում վերացնել բոլոր տեսչությունները, դրանք միավորել մեկ մարմնի մեջ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
***
Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում ՀՀ Նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներ, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եւ ՀՀ Սահմանադրական իրավունքի կենտրոնի խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը հանրային լայն քննարկման ներկայացրին ՀՀ Սահմանադրական բարեփոխումների նոր հայեցակարգը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ' քննարկմանը մասնակցում էին մարզպետար անի աշխատակազմի ստոարաբաժանումների ղեկավարներ եւ աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, կրթական եւ առողջապահական հաստատությունների տնօրեններ, Գավառի պետական համալսարանի դասախոսներ եւ ուսանողներ, լրագրողներ: Հանդիպում-քննարկումը վարում էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ ՀՀ Սահամանդրության բարեփոխումների նոր հայեցակարգը դեռեւս վերջնական չէ, գտնվում է նախագծային փուլում, նույնիսկ' տարակարծություն է ստեղծել հանձնաժողովի անդամների միջեւ: Այն այժմ հանրային լայն շերտերի քննարկման առարկան է դարձել, որի ավարտից հետո կմտնի քաղաքական քննարկումների դաշտ:
***
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ' Էմիլ Տարասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Այս տեղեկացրին ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
***
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 9-ին' ժամը 10.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գայլերը հոշոտել են 36 գլուխ ոչխար:
Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանի գյուղվարչության պետը:
***
Հուլիսի 9-ին, ժամը 11.08-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 8-ին ժամը 16.45-ի սահմաններում Արագածոտնի մարզում տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Ապարան քաղաքի և հարակից Նիգավան, Լուսագյուղ, Մուլքի և Սարալանջ գյուղերի որոշ ցանքատարածքներ: