2013թ-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը՝ հանրապետությունից մեկնումների թվի գերազանցումը հանրապետություն ժամանումների թվին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 10,9 հազարով կամ 11,2 %-ով և կազմել 108 հազար մարդ: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության, այս մասին վկայում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սահմանահատումների վերաբերյալ հրապարակած տվյալների հիման վրա կատարված վերլուծությունը:

 

Երրորդ եռամսյակում միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը կազմել է 13 հազար մարդ՝ նախորդ տարվա երրորդ եռամսյակի 23,2 հազարի դիմաց:

 

Այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 1 մլն 780 հազար 160 մարդ, մեկնել՝ 1 մլն 888 հազար 165-ը: Ընդ որում՝ միջազգային ուղևորահոսքերի մնացորդը բացասական է թե օդային, թե երկաթուղային, թե ավտոմոբիլային տրանսպորտով:

 

Դատելով 2013թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին' ըստ տրանսպորտային միջոցների տեսակների, տվյալներից, հանրապետությունից մեկնումների և հանրապետություն ժամանումների թվերի, նաև միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդի առումով «առաջատարը» ավտոմոբիլային տրանսպորտն է: Այս տրանսպորտով մեկնումների թիվը 1 մլն 176 հազար 780 է, ժամանումներինը՝ 1 մլն 112 հազար 886, սալդոն՝ - 63 հազար 894:

 

Օդային տրանսպորտով 9 ամսվա կտրվածքով մեկնումների թիվը 677 հազար 708 է, ժամանումներինը՝ 633 հազար 637, սալդոն՝ -44 հազար 71:

 

Մի փոքր այլ է պատկերն երկաթուղային տրասպորտից օգտվածների պարագայում: Այս դեպքում մեկնումների և ժամանումների թվերի տարբերությունն ընդամենը -40 է: Տրանսպորտի այս տեսակով մեկնել է 33 հազար 677 մարդ, ժամանել՝ 33 հազար 637-ը:

 

2013թ.-ի հունվար-սեպտեմբերին ուղևորահոսքերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 381,3 հազար մարդով կամ 11,6%-ով և կազմել 3 մլն 668,3 հազար մարդ:

 

Օդային տրանսպորտով սահմանը հատած ուղևորների տեսակարար կշիռը ուղևորահոսքերի ընդհանուր ծավալում կազմել է 35,7%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 41,8%-ի դիմաց: