Այսօր` նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Գրիշա Բադալյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի պաշտոնից: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Վարդան Նադարյանը ազատվել է ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնից և Վլադիմիր Գասպարյանի հրամանով նշանակվել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Էդիկ Կալեյանը: Վլադիմիր Գսպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արմեն Առաքելյանը, ինչպես նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Գագիկ Գաբրիելյանը:

 

Ըստ տեղեկությունների Էջմիածնի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության Կոտայքի բաժնի նախկին պետ Ա. Առաքելյանը: SHAMSHYAN.com-ը տեղեկությունը ճշտելու նպատակով, փորձում է կապնվել ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պատասխանատուների հետ: Ֆոտոլրագրողի հետ զրույցում, Վայոց ձորի ոստիկանապետ Է. Կալեյանն ու Էջմիածնի ոստիկանապետ Գ. Գաբրիելյանը հայտնեցին, որ իրենք այս պահին աշխատավայրում են և աշխատանքային ռեժիմով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը: