«Մեր իշխանությունները, քաղաքական վերնախավը ոչինչ չեն կարողանում ձեռնարկել՝ երկիրը դուրս բերելու ճգնաժամային իրավիճակից: Քաղաքական ոլորտում տեղի են ունենում դիվանագիտական պարտությունները: Քարոզչությունը տեղեկատվական պատերազմում զգալի զիջում է հակառակորդին: Միջազգային հասարակական կարծիքի վրա ներազդման ուղղությամբ ամեն ինչ Սփյուռքին է թողնվել: Իսկ Սփյուռքն իր հերթին չի ներում ՀՀ թուլությունը, համատարած աղքատությունը, արտագաղթը», -այս կարծիքին է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:
Նա մեր երկրում այս և այլ խնդիրներ լուծելու համար առաջարկում է.
1. Ցրել Ազգային ժողովը: Զուգահեռաբար, Սահմանադրական ժողովը պետք է համապատասխան փոփոխություն մտցնի ընտրությունների մասին օրենքում՝ նախապատվություն տալով մեծամասնական ընտրակարգին:
2. Կառավարությունը, որը չի կարողանում երկիրը դուրս բերել ճգնաժամից, հրաժարական տա: Վարչապետի պաշտոնը վստահել Եվրոպական միջավայրում ձևավորված ու մեծ հեղինակություն վայելող անձնավորության:
3. Հրաժարական տա երկրի նախագահը: Նոր կազմով ԱԺ-ն ընդունի պառլամենտական կառավարման մասին օրենք:
4. Երկրում ներդնել ներքևից վերև համաժողովրդական հսկողության մեխանիզմը, որը կտրուկ կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը:
5. Նոր կառավարությունն իրականացնի կադրային առողջ քաղաքականություն, ստեղծի առողջ և ունակ քաղաքական վերնախավ:
Lurer.com-ի թղցթակիցը Բակուր Կարապետյանից փորձեց պարզել' եթե վերջինս մի շարք հրաժարականների մասին է խոսում, կա՞ արդյոք մեկը, որին տեսնում է որպես մեր երկրի նախագահ կամ վարչապետ: Նա պատասխանեց.
-Այո, կան այդպիսիք: Օրինակ' ես կցանկանայի, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնի Եվրոպայի հայ համայնքների միության ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը:
Նա չի վստահում նաև ընդդամադիր զանգվածի ներկայիս գործիչներին: