Նախօրեին Երևանի կենտրոնում ոստիկանության և «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի ու մի խումբ կողմնակիցների միջև բախումների փաստի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը և Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը:
Քիչ առաջ ոստիկանության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանություն բերման է ենթարկվել 38 անձ, նրանցից 20-ը ձերբակալվել են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը գործում ներգրավվել են որպես վկա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և առգրավված մահակներն ու ինքնաշեն պայթուցիկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության:
Միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկաններ, որոնցից 4-ը ներկայումս ստացիոնար բուժման մեջ են: Ըստ ոստիկանության, բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել: Հնարավոր այլ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ միջադեպի այլ մասնակիցներին և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ոստիկանությունը հիշեցնում է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:
Ոստիկանության ներկայացուցիչները նրանց հորդորել են չխախտել հասարակական կարգը և ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, սակայն նրանք գրպաններից հանել են ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով' սկսել են պայթեցնել, ապա մահակներով հարձակվել են իրենց կարգի հրավիրող ոստիկանների վրա:
Ոստիկանական վերակարգերին հաջողվել է կարճ ժամանակում վերականգնել հասարակական կարգը: