Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ խնդիրների լուծման իրավական մեխանիզմներն, ըստ էության, չեն աշխատում, չեն գործում և քաղաքացիներին որպես վերջին միջոց իրապես մնացել է ընդվզումն այն իշխանությունների դեմ, որոնք ընդունում են այնպիսի օրենքներ, որոնք իրենց բնույթով հակաիրավական են:

 

Այս մասին Tert.am –ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով երեկ Մաշտոցի պողոտայում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի կազմակերպած երթի ժամանակ տեղի ունեցած բախումներին:

 

«Կամ այնպիսի գործողություններ են կատարում, որոնք հակաօրինական են: Օրինակները բազմաթիվ են, թե՛ ներքին բնագավառի, և թե՛ ներքին քաղաքականության հարցերով, և Շանթ Հարությունյանի երեկվա այդ գործողությունը, որին նախորդվել էր իր կողմից բազմաթիվ հրապարակային հայտարարություններով, դա վերջին ճիչն է: Դա տիպիկ ընդվզման օրինակ էր, որ մենք՝ քաղաքացիներս, արդեն որպես վերջին միջոցի պատրաստ ենք գնալու արդեն ընդվզման: Ընդհուպ մինչև ապստամբելու»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպանի մեկնաբանությամբ՝ ապստամբությունը նախատեսված է Միացյալ ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որի նախաբանում ամրագրված է, որ իշխանությունները չպետք է ընդունեն այնպիսի օրենքներ, որոնք քաղաքացիներին որպես միջոց թողնեն ապստամբությունն այդ օրենքների դեմ:

 

Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունը Մաշտոցի պողոտայում խոչընդոտել էր Շանթ Հարությունյանի և նրա աջակիցների երթը դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, որը Շանթ Հարությունյանը հայտարարել էր, թե կպայթեցնի:

 

Ուստի նման տեսակետ ունեցող Արթուր Սաքունցը չի ցանկանում մեկնաբանել՝ իրավաչա՞փ, համաչա՞փ էին երեկ ոստիկանության գործողությունները, թե ոչ, քանի որ, ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել և ո՞րն էր երեկվա ակցիայի և նրա նկատմամբ ոստիկանության ուժի գործադրման հիմնական համատեքստը:

 

Նշենք, որ այսօրվա խմբագրականում «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը գրել էր.«Հայաստանում իսկապես չկա խոսքի ազատություն՝ մարդիկ վախենում են արտահայտել իրենց կարծիքը։ Երեկ ես դրանում կրկին համոզվեցի։ Շատ քչերի լեզուն է պտտվում ասել, որ փայտերով և պայթուցիկ նյութերով երթ անելը, անկախ նրանից, թե ինչ նպատակներ է այն հետապնդում և ինչպես է դա կոչվում (հեղափոխություն, թե հակահեղափոխություն)՝ վատ է, դատապարտելի է։ «Գմփցնելու» կոչեր անողը կամ հոգեկան հիվանդ է, կամ սադրիչ, կամ ծայրահեղ արկածախնդիր։

 

Արթուր Սաքունցը ի պատասխան ասաց, որ չի ընդունում Արամ Աբրահամյանի տեսակետը: «Չի՛ կարելի ամբողջը թողած ձվի մեջ մազ ման գալ, որովհետև նախ հենց Շանթ Հարությունյանը մինչև երթի սկիզբը հայտարարեց սադրիչների առկայության մասին, որոնք ոստիկանության գործողությունների համար օրինական հիմք ստեղծեցին»:

 

Շանթ Հարությունյանի մասին Tert.am-ին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ըստ էության, կրկնեց Արթուր Սաքունցին՝ ասելով. «Ի վերջո, ամեն ինչ նկարահանված է, բոլորդ էլ տեսել եք, մի բան ակնհայտ է, որ երկիրն այս ռեժիմը հասցրել է մի այնպիսի անելանելի վիճակի, որ շատերն այլևս այլ ելք չեն տեսնում, քան ամենածայրահեղական միջոցներով փորձել երկիրն ազատել»:

 

Ըստ պատգամավորի այստեղ առաջին հերթին պետք է մեղադրել հենց իշխանություններին նախագահի ղեկավարությամբ։ «Երբ փակում ես մարդկանց համար մրցակցելու, աշխատելու բոլոր ելքերը, պետք չէ զարմանալ, որ կգտնվեն մարդիկ, ովքեր կդիմեն ամենածայրահեղ քայլերի: Սա համարեք էսօրվա ռեժիմի գործողությունների լավագույն բնորոշումը»,– ասաց նա:

 

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը, ով նույնպես միշտ կրկնում է, որ քաղաքացին ունի ապստամբության իրավունք, մի փոքր այլ տեսանկյունից է դիտում հարցը։
«Բայց ապստամբությունը, կրկնում եմ, անգամ եթե դա կա, իշխանությունը կանխելու է: Այսինքն՝ չի գրված, որ մարդը ունի իրավունք ապստամբության, իսկ իշխանության կրողները նայելու են դրան: Եվ երկրորդը. ինքնին գործողությունները, որոնք հղի են բռնություններով, նրանք, տվյալ դեպքում, արդյունավետ չեն: Դրա համար էդ ամեն ինչը պահանջում է հմտություններ, պահանջում է կազմակերպվածության բավականին բարձր մակարդակ: Սա հերթական անգամ է, երբ որ հայկական իրականության մեջ անկազմակերպ, թեկուզ շատ հիմնավոր բողոքի ակցիաներ են անցկացվում»,– ասաց նա:

 

Լարիսա Ալավերդյանը, ով մարտիմեկյան դեպքերին զբաղվել է կալանավորված Շանթի խնդիրներով, տեղեկեցված է, որ նա ունի կրկնվող հոգեկան հիվանդություն: «Ես շատ անհանգիստ եմ, ուղղակի ինձ թվում է, որ այստեղ համընկել է Շանթի ոչ միշտ կառավարելի վարքը, համընկել է իր խոսքով՝ այդ սադրիչների հետ: Այն էլ ասեմ, որ Շանթը այլ ուժերի հետ առնչություն չունի և միշտ գործում է միայնակ»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը: