ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, թե 8 տարի լինելով հոգևոր կառույցի ղեկավար, իսկ դրանից առաջ' պատերազմական տարիներին, նույնքան էլ ծառայելով Արցախի թեմում, լավ գիտի բանակի ներսն ու դուրսը' բանակում օրենք կա և ամեն ինչ այնքան բարձիթողի վիճակում չէ, ինչպես ներկայացվում է:
Իհարկե, բանակը մեծ կառույց է և կարող է լինեն բացթողումներ, բայց հիմնական խնդիրն անհանդուրժողականությունն է:

ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի դիտարկմամբ' խոսքը հզոր ուժ է, եթե համեմված է հայհոյանքներով, շատ վտանգավոր է դառնում: Այս համատեքստում Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն անդրադարձավ վերջին միջադեպին' զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանությանը. «Նոյեմբերյանի զորամասի սպասավորն ինձ տեղեկացրել է, որ երեքն էլ' սպանվածը, վիրավորվածն ու սպանող զինվորը կարգապահ ծառայողներ են եղել, ծառայության մեջ նորմալ են իրենց դրսևորել: Ավելին' կրակող զինվորն անգամ լավ կրակող էլ չի եղել: Այս ամենը եղել է չարի, սատանայի դրդմամբ: Մի բան էլ' երբ զինվորի ձեռքին զենք կա, դիմացինը զգուշավորություն պետք է դրսևորի»:

HayNews.am-ի հարցադրմանը' արդյոք բանակի հոգևոր սպասավորների բավարա՞ր ջանքեր են գործադրում նման դեպքերը կանխելու ուղղությամբ, քանի որ եղել են դեպքեր, երբ երկու տարվա ծառայության ընթացքում զինվորը գոնե մեկ զրույց հոգևորականի հետ չի ունեցել, իսկ սպաների պարագայում' խնդիրն այլ է, Սրբազանը չհամաձայնեց. «Մենք անընդհատ լինում ենք զորամասերում, ասում ենք, որ մեղք է հայհոյանքը, փոխադարձ վիրավորանքը: Ունենք ռադիոհաղորդումներ, անընդհատ խոսում ենք խոցելի արարքների մասին: Մենք շատ ենք լինում շփման կետերում, գոտեպնդում իրենց: Գուցե անհատական զրույց չլինի, բայց ընդհանուր զրույցներ լինում են: Ճիշտ չէ սրանից ավելին թույլ տալ և միջամտել սպաների գործունեությանը, որոնցից մեծ մասը մարտական լուրջ առաջադրանքներ են իրականացնում և իրենց գործի գիտակն են»:

Հակադարձմանը' բնակականաբար, չհայտարարված պատերազմի պայմաններում, չենք կարող մեզ թույլ տալ շռայլություն և համատարած պրոֆեսիոնալներին համակարգից հեռացնել, բայց երբ սպան մշտապես վատ է վարվում զինվորի հանդեպ, չարժե՞ բարձրաձայնել այդ մասին և որոշ դեպքերում նպաստել նրա հեռացմանը, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդը սահմանափակվեց' ասելով, թե եղել են դեպքեր, երբ իրենց հետ զրույցներից հետո սպան կամ զինվորը հրաժարվել են բացասական սովորություններից և առավել ճակատագրական քայլերից: Միաժամանակ, ընդգծեց, որ ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորի ծառայությունը շարքային զինվորից հատկապես, «Եղնիկներում» այդքան էլ չի տարբերվում:

Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, միջադեպերի հոգեբանական դրդապատճառների և վերջին դեպքի շուրջ, HayNews.am-ը զրուցեց նաև ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի հետ: Կարծիքներ ենք լսել զինվորներից, թե մարտական հերթապահություն և թիկունքային ծառայություն իրականացնող զինվորների միջև հոգեբանական լուրջ տարբերություններ կան, ավելի կոնկրետ' դիրքեր պահող զինվորն ավելի բռնկուն է, մինչդեռ տարվող աշխատանքը նրանց հետ տարանջատված չէ:

«Իսկապես, դիրքային ծառայություն տանող զինվորի հոգեբանական պատրաստվածության մակարդակն այլ է, բայց դրական առումով: Ինչու՞, դիրքը զինվորին կայացնում է, որպես անձ: Բացասական տեսանկյունից կասեմ' կան միջանձնային հարաբերություններ, մոտ 10 տարի ոլորտում գործելով ինձ իրավունք չեմ վերապահի սպային հորդորել, կոչ անել' ուշադիր լինելու իր ենթականների նկատմամբ' հաշվի առնելով 24 ժամյա լարվածությունը, ես կարող եմ խնդրել' կատարվածից հետևություն անել և երբեք չանտեսել զինվորների միջանձնային հարաբերություններում ծագած խնդիրները: Չպետք է մոռանալ' պատանեկան տարիք է և այն վիրավորանքը, որը հասուն տարիքի մարդը կարող է կուլ տալ, իրենց պարագայում կարող է ողբերգության պատճառ դառնալ: Այնպես, որ չպետք է անտեսել զինվորների միջև կոնֆլիկտները, բացառել, իհարկե, հնարավոր չէ: Այս խնդիրը կարևորելով է, որ պաշտպանության նախարարը հատուկ ուշադրության տակ է վերցրել վաշտ օղակը»,- պարզաբանեց Դավիթ Ջամալյանը:

Առանձնացնելով Լյուքս Ստեփանյանի սպանության դեպքը և դիակը Երևան բերելու ծնողների մտադրությունը, զերծ մնաց սգավոր ծնողների քայլին գնահատական տալուց, փոխարենն արժանապատիվ համարեց Պնախարարի և ոստիկանապետի պահվածքը. «Մարդը զավակ է կորցրել, այդ պահին աչքին ոչինչ չի գա, գուցե հետո փոշմանի, եկեք չդատեք նրանց և դարձնենք քննարկման առարկա: Իհարկե, քրիստոնեական և այլ տեսանկյուններից սխալ է, բայց այստեղ նաև արդարության պահանջի դրսևորում կար: Եթե չլիներ Սեյրան Օհանյանի ներկայությունն ու ճիշտ պահվածքը, կունենայինք առավել ճնշող իրավիճակ, բայց մարդը գնաց խոսեց սրտացավորեն, ողջ բեռն իր վրա վերցրեց' հանդարտեցնելու կրքերը: Սա պետական գործչի օրինակելի պահվածք էր, իհարկե, նաև ոստիկանապետի դեպքում: Այլ հարց է, որ ներքին օղակում Սեյրան Օհանյանի օրինակը կիրառելի պետք է դառնա և այս հատվածի ծառայողները պետք է հրաժարվեն չինովնիկական քաշքշուկներից»:

Մարիամ Պետրոսյան

HayNews.am