Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած կառավարական պատվիրակությանը: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել երկկողմ փոխգործակցության մակարդակից և նշել, որ այն դրական արդյունքներ է տալիս: «Հայաստանը կարևորում է և շահագրգիռ է Իրաքի հետ հարաբերությունների զարգացման և խորացման գործում: Տեսնում ենք, որ առկա է երկկողմ համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, ինչի վառ վկայությունն է վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների միջև գրանցված առևտրաշրջանառության զգալի աճը»,- ասել է վարչապետը:

 

Նշելով, որ Իրաքը ևս շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ Նուրի Շաուեյսին նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում մեր երկիր է ժամանել իրաքցի գործարարներից բաղկացած մեծ խումբ, որի նպատակն է նոր կապեր ստեղծել հայ գործընկերների հետ:

 

Կողմերը կարևորել են նաև երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպումը, մուտքի արտոնագրերի դյուրացումը: Վարչապետի խոսքով՝ շինարարական հայկական կազմակերպությունները ևս շահագրգիռ են մասնակցել Իրաքում այդ բնագավառում իրականացվող ծրագրերին: Իրաքի փոխվարչապետը ողջունել է այդ գաղափարը և պատրաստակամություն հայտնել քննարկել այն իր երկրի կառավարությունում:

 

Անդրադառնալով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը կարող է կամուրջ հանդիսանալ Իրաքի համար ՄՄ-ի անդամ պետությունների հետ կապերի սերտացման գործում: Իրաքի փոխվարչապետը շնորհավորել է ՄՄ-ի վերաբերյալ հայկական կողմի կայացրած որոշման կապակցությամբ, ինչը միմիայն կնպաստի տնտեսական հարաբերությունների զարգացմանն ու նոր ծրագրերի իրականացմանը:

 

Իրաքի փոխվարչապետը Տիգրան Սարգսյանին է փոխանցել իր երկրի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ջերմ ողջույնները: Իր հերթին, ՀՀ կառավարության ղեկավարը խնդրել է Իրաքի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը՝ իրեն հարմար ժամանակահատվածում:

 

Այնուհետև Տիգրան Սարգսյանի ներկայությամբ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Իրաքի փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսը ստորագրել են տնտեսական, առևտրային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: