Այսօր ՀՀ ԱԻ նախարարության «Արտակարգ» քաղաքում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը հանդիսավոր պայմաններում «Միջազգային կարգի փրկարար» որակավորման դաս շնորհեց փրկարար ծառայության 24 աշխատակցի: Շուրջ 100 աշխատակից ստացավ 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի փրկարարի դաս:

 

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ևս 4 աշխատակցի նախարար Ա. Երիցյանի հրամանով շնորհվեց սպայական առաջին կոչումը՝ փրկարար ծառայության լեյտենանտ:

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին որակավորման համապատասխան կարգ տրամադրելու համար դեռևս ամռանը նախարար Ա. Երիցյանի հրամանով ստեղծվել էր ՀՀ փրկարարների և փրկարարական կազմավորումների որակավորման հանձնաժողով: Քննության առնելով որակավորման դաս ստանալու համար ներկայացված աշխատակիցների փորձառությունն ու մասնագիտական հմտությունները՝ ընդունված չափանիշներին համապատասխանող թեկնածուներին հանձնաժողովը ներկայացրել էր ԱԻ նախարարին:

 

Հանդիսավոր արարողությանը փրկարարներին հանձնելով փրկարարական կարգը հաստատող վկայականներն ու կրծքանշանները՝ նախարար Ա. Երիցյանը շնորհավորեց փրկարար ծառայության աշխատակիցներին և մաղթեց անվտանգ ծառայություն:

 

Հայ փրկարարները մեկ անգամ չէ, որ միջազգային մրցումների, ուսումնավարժությունների և փրկարարական գործողությունների ժամանակ ապացուցել են իրենց փորձառությունն ու պատրաստվածության բարձր մակարդակը: Դասային կարգերի շնորհումը ևս մեկ քայլ է Արտակարգ իրավիճակների նախարարության զարգացման ճանապարհին, որը նաև փրկարարներին մասնագիտական աճի հնարավորություն է տալիս: