Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց Պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին օրենքի նախագիծը:

 

Մինչ քվեարկությունը պատգամավորները հնչեցրին տարաբնույթ կարծիքներ օրենքի նախագծի վերաբերյալ:

 

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ անբարոյականություն է համարում այս օրենքին կողմ քվեարկելը, ինչից հետո Հովիկ Աբրահամյանը հորդորեց Փոստանջյանին արտահայտվել կոռեկտության սահմաններում:

 

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հրապարակեց իրենց խմբակցության որոշումը, ըստ որի' իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Մենք անընդունելի ենք համարում կոռուպցիայի մեջ թաղված երկրի ղեկավարների աշխատավարձերի բարձրացումը մի վիճակում, երբ ժողովրդի մեծամասնությունը գտնվում է աղքատության մեջ»:

 

Ալիկ Արզումանյանը ևս կոչ արեց որակումներ չտալ, և նշեց, որ օրենքի հետ կապված կան տարաձայնություններ, սակայն խոսքը 164 հազար մարդկանց աշխատավարձերի մասին է: «Այն 500-ը, որի թվին ենք մենք պատկանում, կարող են հոժարակամ հրաժարվել»,-ասաց Ալեքսանդր Արզումանյանը՝ հավելելով, որ ինքը կքվեարկի ձեռնպահ:

 

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց խմբակցության տեսակետը հստակ է, և իրենք կողմ են քվեարկելու:

 

Խաչատուր Քոքոբելյանն աշխատավարձերի բարձրացումն անհրաժեշտ պայման համարեց, այնուհետև կոչ արեց Զարուհի Փոստանջյանին միասին հրաժարվել իրենց աշխատավարձից:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է, որ 160 000 քաղաքացիական ծառայողների աշխատավարձները բարձրանան և բարձրանան շատ ավելի մեծ գործակցով, քան ներկայացված է նախագծում: «Ինչ վերաբերում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ապա ԲՀԿ-ի դիրքորոշումը հստակ է, և մենք կարծում ենք, որ այս պահին աշխատավարձ բարձրացնելև անթույլատրելի է, և մենք դեմ ենք քվեարկելու»,-ասաց Զոհրաբյանը:

 

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը սթափության կոչ արեց և հորդորեց ինքնակամ հրաժարվել իրենց աշխատավարձերից նրանց, ովքեր չեն ուզում, որ այն բարձրանա:

 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, որ իշխանությունն իրավունք չունի իր աշխատավարձը բարձրացնել: «Իշխանությունը պետք է բարձրացնի հաջորդ իշխանության աշխատավարձը: Դուք այսօր ընդունեք օրենք, որը կվերաբերի 2017 թվականին կամ հաջորդ նստաշրջանին, իսկ ընդդիմությանը պարտավոր եք բարձրացնել անմիջապես»,-ասաց Բագրատյանը:

 

Նախագիծը դրվեց քվեարկության. կողմ քվեարկեց պատգամավորներից 69-ը, դեմ' 31-ը, և ձեռնպահ' 6: