Ազգային ժողովում այսօր շարունակվեց գազային հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը, որը ներկայացվել էր ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի կողմից այն բանից հետո, երբ վերջիններս' դեմ քվեարկելով, տապալեցին խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերի կողմից ներկայացված նույն հարցով հանձնաժողով ստեղծելու մասին հարցը:

 

Ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ով իր ելույթում' ներկայացնելով հիմնավորումները, հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին, իսկ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենալու հարցը դեռևս կքննարկվի ինչպես խմբակցությունում, այնպես էլ չորս ոչ իշխանական ուժերի հետ:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կոչով դիմեց իշխանության ներկայացուցիչներին, որպեսզի «իսկապես տքնաջան աշխատենք և արդյունք տանք»: Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ իրենք մասնակցելու են հանձնաժողովի նիստի աշխատանքներին:

 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում նշեց, որ խորհրդարանական մեծամասնությունը հասկացել է, որ ժողովուրդը սպասում է այդ հարցերի պատասխաններին:

 

«Ցավոք սրտի, այն ինչով դուք զբաղվում եք, դա, ըստ էության, այնպիսի հանձնաժողովի ստեղծում է, որը զբաղված կլինի «ճշմարտության թաղումով»,-ասաց Զուրաբյանը:

 

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իրեն չի մտահոգում, թե ինչ դրդապատճառներից ելնելով է մեծամասնությունը որոշել հանդես գալ այս նախագծով:

 

«Մենք չունենք վստահություն, որ ձեր (դիմելով ՀՀԿ-ին-խմբ.) նպատակն իրապես այդ հարցերի պատասխաններն ստանալն է: Եթե ձեր նպատակը դա լիներ, ապա դուք ձեր քվեարկությամբ չէիք դարձնի Հայաստանի Հանրապետությունը մեկ գազային ընկերության ֆան քլաբի: Բայց, հարգելի′ գործընկերներ, մեզ պետք է հետաքրքրեն այն խնդիրները, որոնք մենք ենք ձևակերպում և առաջ քաշում»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը: