Այսօր Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՅՈւՆԵՍԿՕ-ի 37-րդ գլխավոր կոնֆերանսին, որը նվիրված է նախորդ երկու տարիների կազմակերպության աշխատանքների ամփոփմանը և առաջիկա երկու տարիներին իրականացվելիք գործունեության հիմնական ուղղությունների քննարկմանը:

 

Իր ելույթում նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը մեծապես գնահատում է ՅՈւՆԵՍԿՕ-ի նպատակը աշխարհում միջմշակութային երկխոսությունը, ըմբռնումը և հանդուրժողականությունը խրախուսելու գործում:

 

Նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Այս տարվա մայիսին Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը՝ իր կարևորագույն գերակայությունը դարձնելով այլատյացության, ատելության խոսքի և անհանդուրժողականության դեմ պայքարը:

 

Մի ժամանակաշրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանությունն ու տարածումը հանդիսանում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար հասկացությունը, այլոց պատկանող քաղաքակրթական արժեքների նկատմամբ անհանդուրժողականությունը, մշակութային և կրոնական ժառանգության միտումնավոր, հետևողական և շարունակական վնասումն ու ոչնչացումը պետք է դատապարտվեն նույն վճռականությամբ, ինչ մարդկանց դեմ բռնությունը»:

 

Նախարարի խոսքերով, նման հանցագործության բացահայտ դրսևորում է Նախիջևանում ադրբեջանցիների կողմից 9-16-րդ դարերում հայ վարպետների պատրաստած հազարավոր խաչքարերի ոչնչացումը: «Մի քանի հազար այսպիսի միջնադարյան խաչքարեր ոչնչացվեցին Ադրբեջանի կառավարության ամենատես աչքի հսկողության ներքո, իսկ այդ տարածքը կառավարության արտոնած ծրագրով վերածվել է ռազմական տարածքի: Այս վանդալիզմի առնչությամբ Հուշարձանների պահպանության 16-րդ միջազգային խորհրդի (ICOMOS) Գլխավոր ասամբլեան հայտարարել է. «Այս ժառանգությունը, որը մի ժամանակ իր արժանի տեղն էր զբաղեցնում համաշխարհային գանձերի ժառանգության մեջ, այսօր այլևս չի կարող փոխանցվել ապագա սերունդներին»:

 

Մեր բազմաթիվ կոչերը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների փորձերը՝ Նախիջևան միջազգային փաստահավաք առաքելություններ ուղարկելու, արհամարհվել, մերժվել են Ադրբեջանի կողմից»,-ընդգծեց Նալբանդյանը:

 

«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Կրթության ոլորտում խտրականության կանխման մասին ՅՈւՆԵՍԿՕ-ի կոնվենցիան նշում են, որ «Կրթությունը պետք է տարածի փոխըմբռնում, հանդուրժողականություն և բարեկամություն բոլոր ազգերի, ռասայական կամ կրոնական խմբերի միջև»: Հաշվի առնելով ՅՈւՆԵՍԿՕ-ի ուրույն դերը կրթության բնագավառում՝ մենք կոչ ենք անում կազմակերպությանը՝ իր կրթական ծրագրերի շրջանակներում ստեղծելու մշտադիտարկման մի մեխանիզմ, որը կուսումնասիրի և կգնահատի անդամ-պետությունների դասագրքերը, հատկապես՝ պատմության և հասարակական գիտությունների դասագրքերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ռասիզմի և այլատյացության բացառմանը:

 

Ավելի քան երեսուն դար պահպանված հայկական ժառանգությունը, մշակույթը և պատմությունը ներկայումս խեղաթյուրվում և կերպարանափոխվում են Ադրբեջանում: Այս երկրում սեփական պատմության վերաշարադրումը շարունակում է ընթանալ իրենց տարածքում գտնվող այլ մշակույթների ժառանգության յուրացման կամ ոչնչացման, ավելին՝ հարևան ազգերի մշակութային ժառանգությունը սեփականացնելու միջոցով: Պետությունը, որն աշխարհի քաղաքական քարտեզի վրա է հայտնվել ավելի քիչ, քան 100 տարի առաջ, տարածքային և մշակութային պահանջներ ունի մի ժողովրդի և երկրի նկատմամբ, որն ունի հնագույն ժամանակաշրջանից արձանագրվող հազարամյակների պատմություն»,- նշեց ԱԳ նախարարը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: