Ազգային ժողովն այսօր 88 կողմ և 13 դեմ ձայների հարաբերակցությամբ ընտրեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում ընտրեց Իշխան Զաքարյանին:
Մինչ քվեարկության ավարտը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Սերժ Սարգսյանը վերաառաջադրեց Իշխան Զաքարյանին, նշեց. «Դա ԱԺ նախագահի լիազորությունը չէ: Հանրապետության նախագահը որոշում կայացրեց և առաջադրեց նրա թեկնածությունը: Իսկ այսօրվա քվեարկության արդյունքում որոշում կկայացվի՝ ԱԺ կողմից կնշանակվի, թե' ոչ»:
Անդրադառնալով հարցին, թե համամիտ չէ նա ընդդիմության հետ, որ չարաշահումները չեն կարող բացահայտվել, ասաց. «Եթե մենք տեսակետների հետ հաշվի նստենք, կխճճվենք, որովհետև այդ տեսակետներն այնքան շատ են և շինծու, որ դրանց հետ հաշվի նստելու կարիք չկա»:
Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաև ՎՊ հաշվետվության ժամանակ իր կողմից հնչեցրած տեսակետին, որ բյուջեն թալանվել է. «Ես իմ տեսակետը հայտնել եմ, մի քանի անգամ այս հարցին պատասխանել եմ, և մենք չենք իրավապահ այն մարմինը, որ գնահատական տանք: Ուղղակի մենք ուղարկել ենք այդ փաթեթը Գլխավոր դատախազություն: Քանի որ ՀՀԿ-ն աջակցում է, որոշում է կայացրել կողմ քվեարկել նշանակման գործընթացին։ Դա պատասխանատվություն է, և մենք բոլորս պատասխանատու ենք, որ Վերահսկիչ պալատը նորմալ աշխատի, և նորմալ աշխատանքի արդյունքում պետք է վեր հանենք այն խախտումները, թերությունները, չարաշահումները, որոնք իրոք ճիշտ են, հիմնավոր են, որ կա, և պատկան մարմիններն էլ պետք է իրենց գնահատականը տան:
Ա'յ, լոկ խոսքեր կան, գնահատականներ կան, քննադատություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, և մենք պետք է ձեռնպահ մնանք նման անհիմն քննադատություններից: ՎՊ-ի խնդիրը դա է, որ պետք է վերհանի այն խնդիրները, որոնք իրականությանը համապատասխան են, ոչ թե հնչեցվեն ԱԺ ամբիոնից, գնահատականներ տրվեն, բայց իրավական որևէ խախտում չլինի. սա շատ կարևոր է, և ՎՊ-ի նախագահի ուշադրությունը ես հրավիրել եմ այս հանգամանքի վրա, որ հիմնավորվի, հետո նոր ներկայացվի այս ամբիոնից»:
Լրագրողի հարցին, թե եթե ընդդիմադիրների պես անկեղծ լինեք... սակայն Հովիկ Աբրահամյանը չլսելով հարցն ամբողջությամբ՝ արձագանքեց. «Ես ընդդիմադիրների նման անկեղծ չեմ ուզում լինել»: