Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանատվության մեծ գիտակցումով է ստանձնել իր պաշտոնը: Այս մասին Հովիկ Աբրահամյանն ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին, որը վերաբերում էր նախորդ կառավարության սկանդալային գործողություններին գնահատական տալու ներկայիս կառավարության պատրաստակամությանը: «Ես միշտ աշխատել եմ շատ թափանցիկ, և ցանկանում եմ ասել, որ համաձայն չեմ այն դիտարկման հետ, թե Տիգրան Սարգսյանի կառավարությունը սկանդալային գործողություններ է իրականացրել, իսկ մենք փորձելու ենք վեր հանել բոլոր հարցերը, որոնք հուզում են հանրությանը և հիմնավոր պատասխանել դրանց: Լինելու ենք անկեղծ և չենք ամաչելու ասել, որ մենք սխալվել ենք»,- նշեց վարչապետը:

 

Հովիկ Աբրահամյանը կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին և խորհրդարանական խմբակցություններին աշխատել կառավարության հետ: «Մենք պատրաստ ենք աշխատել ձեզ հետ: Համաձայն եմ, որ պետք է հաշվի առնվեն նաև ձեր կարծիքները, սակայն դա պետք է լինի երկկողմ և հավասարակշռված, այլ ոչ թե կառավարության դեմ վերնագրարեր դնելու եղանակով».- ասաց Աբրահամյանը:

 

Վարչապետն ընդգծեց, որ ինքն արդեն քաղաքական ուժերի հետ համագործակցության քայլեր արել է՝ հիշեցնելով, որ ՀԱԿ-ը հայտարարել է, թե ցանկություն չունի համագործակցել կառավարության հետ: «Դա ձեր որոշելիքն է. ուղղակի ես ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ մեր ոճը լինելու է ձեզ հետ աշխատելու քայլեր ձեռնարկելը: Եվ ես կարծում եմ, որ այս ամբիոնը պետք է լինի ոչ թե բռունցքներով կռվի, այլ մտքի և գաղափարների կռվի ամբիոն»,- նշեց ՀՀ վարչապետը:

 

Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ բոլոր նախարարներին և կառավարության անդամներին հանձնարարել է հարգալից լինել պատգամավորների նկատմամբ՝ ընդգծելով, որ ակնկալում է նաև պատգամավորների համապատասխան վերաբերմունքը՝ կառավարության նկատմամբ լինել կոռեկտ և հարգալից: