Հայաստանի կառավարությունը քննարկեց գործադիրի 2015 թվականի գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների ծրագիրը: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ կատարվել է բավականին մեծ աշխատանք բոլոր նախարարությունների կողմից՝ հիմքում ընդունված են թե կառավարության գործունեության ծրագիրը, թե միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:

 

Հարությունյանի խոսքով' այնո ւամենայնիվ, այս աշխատանքը կատարելիս իրենք դեռևս չունեին սինքրոն մոտեցում տարբեր նախարարությունների կողմից: Ըստ նախարարի, կան նախարարություններ, որոնք իսկապես արմատական խնդիրներն են համարում գերակա, և կան նախարարություններ, որոնք ավելի ցածր մակարդակի խնդիրներն են կարևորում և համարում գերակա:

 

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետը մի քանի նկատառում կատարեց: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ երեկ կառավարությունը երկար ժամանակ քննարկել է ծրագիրը, կատարվել է մեծ աշխատանք: «Ես ակնկալում եմ ավելին, ակնկալում եմ նախաձեռնողականություն, սրտացավություն և նախանձախնդրություն:

 

Մենք ունենք շատ խնդիրներ և յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պատասխանատու է ոչ միայն թղթին հանձնված ծրագրի, այլև իր ոլորտի տնտեսական աճի, ստեղծված արդյունքի, զբաղվածության, հարկերի, ծառայությունների որակի համար: Նախաձեռնողականության հետ մեկտեղ' ես ակնկալում եմ աշխատանքի որակ և, ամենակարևորը, կարգապահություն:

 

Ակտիվ նախաձեռնողական, բայց հում և չմշակված փաստաթղթեր մեզ անհրաժեշտ չեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Հովիկ Աբրահամյանը՝ ավելացնելով, որ լինելու է խստապահանջ որակի նկատմամբ և նախապես մանրամասն չքննարկված փաստաթղթերին ընթացք չի տրվելու:

 

Վարչապետի խոսքով՝ ինքը կառավարությունում թղթաբանության համար չէ, գործադիրը պետք է արդյունք ապահովի, և ժողովուրդը պետք է այդ աշխատանքի արդյունքը տեսնի: Սա է վարչապետի մոտեցումը: Հովիկ Աբրահամյանը խնդրեց իր գործընկերներին նման մոտեցում ցուցաբերել:

 

Միաժամանակ, հատկացվեց չորս օր ժամանակ՝ ծրագիրը ՀՀ նախագահի աշխատակազմի հետ քննարկելու համար, ինչից հետո այն կստորագրվի ՀՀ վարչապետի կողմից: