Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարևորում է գիտակցությունը, որ գյուղատնտեսությունը Հայաստանի առաջնահերթ ուղղություններից է, որի զարգացման համար պետք է միջոցներ ձեռնարկվեն: Այս մասին ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած խորհրդարանական լսումների ավարտին հայտարարեց ԱԺ նախագահը: «Քննարկումների արդյունքում ես տպավորություն ստացա, որ մեր վիճակն այնքան էլ վատ չի, բայց որ գնում ենք գյուղեր, այդ մոտեցումը չկա: Չնայած կարող ենք արձանագրել, որ դժգոհությունները պակասել են:
Պետք է արձանագրենք, որ գյուղատնտեսությունը շատ կարևոր է մեր երկրի համար, պետք է գյուղը ոտքի կանգնի, պետք է գյուղացուն օգնենք, որ ոտքի կանգնի»,- ասաց ԱԺ նախագահը' հավելելով, որ կան բազում անելիքներ, որոնց համար ֆինանսական ռեուրսներ են անհրաժեշտ: «Բոլորս պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, որ բոլոր հարցերը միանգամից լուծենք: Մենք պետք է անենք ամեն ինչ' ստեղծելու բարենպաստ հ նարավորություններ մարդկանց համար, էժան տոկոսով, երկարաժամկետ վարկեր տրամադրենք: Չի կարելի գյուղատնտեսական վարկը լինի յոթ տարուց պակաս, դա չի կարող շահույթ տալ, իսկ յուրաքանչյուր բիզնեսի հիմքում պետք է ընկած լինի շահույթը, որպեսզի այն գոյատևի, ունենա շարունակական բնույթ»,-ավելացրեց Հովիկ Աբրահամյանը:
Նա պաշտոնյաներին հորդորեց այցելել համայքներ, վերադառնալ ու իրականացնել քննարկումներ, որոնք օգուտ կտան ընդհանուր գործին: «Ես կոչ եմ անում բոլորս լինենք հետևողական մեր խոստումների մեջ: Չի կարելի գնալ գյուղ, խոստումներ տալ ու չկատարել: Երբ գյուղացիները չեն կարողանում տեսնել լուծումը, դա է խնդիրը»-ասաց ԱԺ նախագահը' հավելելով, որ օրենսդիր, գործադիր և տեղական ինքնակառավարման մարմինները միասնական աշխատանքի արդյունքում կարող են հասնել ցանկալի արդյունքի: