Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Ալիկ Սարգսյանի կողմից իր հասցեին հնչեցված մեղադրանքներին ու վիրավորանքներին:

Հովակիմյանը, մասնավորապես նշեց, որ Ալիկ Սարգսյանից գումար պահանջելու հարցից ինքը չի խուսափում. «Այո՛, Ալիկ Սարգսյանն ինձ գումար է պարտք: Այդ գումարն ինձանից նա վերցրել է դեռևս ոստիկանապետ աշխատած ժամանակ: Պարզապես, հիմա ներկայացնում է այնպես, որ ես այդ գումարը շորթում եմ: Նման վարքագծի պատճառները ես գիտեմ: Ալիկ Սարգսյանը քանի որ լավ գիտի, որ ինձանից գումար է վերցրել, դրա հետ մեկտեղ, երևի ամաչում է բարձրաձայնի, թե իրականում ինչի համար եմ այդ գումարը տվել: Այդ գումարը ես նրան տվել եմ իր հորդորով՝ պետության «կարիքների» համար, կարճ ժամանակ անց պարզել եմ, որ Ալիկ Սարգսյանն այդ գումարը պարզապես տարել է իր տուն: Շատ պարզ հարց է: Զավեշտ է, երբ նախկին ոստիկանապետը հայտարարում է, որ ոստիկանապետ եղած ժամանակներից սկսած՝ ինչ-որ մեկը իրենից գումար է շորթում, բայց այդ մասին սկսում է բարձրաձայնել ոչ թե ոստիկանապետ եղած ժամանակ, այլ 8 տարի անց: Այն ժամանակ օրենքին չէ՞ր հավատում, թե՞ ՀՔԾ-ի տեղը չգիտեր: Չնայած՝ ինչի՞ եմ զարմանում, երբ նախորդ իշխանության օրոք աշխատած Ալիկ Սարգսյանը այժմ հայտարարում է, որ այն ժամանակներից իրեն խաբված է զգացել: Իրոք, երկրում բան է փոխվել»,- ասաց Արարատի նախկին մարզպետը:

 

Նա նշեց՝ Ալիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա այժմ քրեական գործ է քննվում ՀՔԾ-ում, ապա ավելացրեց՝ քննությանը չեն խոչընդոտում, հակառակը՝ աջակցում են. «Նախաքննական մարմինն էլ, համոզված եմ, կպարզի, թե ով է ում ինչ պարտք: Այժմ պատրաստում եմ միջնորդություն՝ իմ և Ալիկ Սարգսյանի միջև առերեսում կատարելու մասին: Միջնորդելու եմ նաև, որպեսզի առերեսումը պարտադիր տեսաձայնագրվի: Ժողովուրդը պետք է ճանաչի իր «հերոսներին» դեմքով ու տեսնի, թե ով ու ինչ արժանիքներով է պաշտոն զբաղեցրել նախկինում, պաշտոնի բերումով ինչեր է ձեռք բերել ու հիմա ինչպես է ձևանում «տուժող»: Առերեսման ժամանակ պարզ կդառնա, թե պետության որ «կարիքի» համար եմ Ալիկ Սարգսյանին գումար տվել, ով է իրական տուժողը ու հանկարծ այնպես չստացվի, որ պարզվի, որ Հայաստանի Հանրապետության գեներալներից ոմանք բաներ են ասում, որոնց համար պատասխան չեն կարողանում տան հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով»,- ասաց Վարդգես Հովակիմյանը: 

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ին Ալիկ Սարգսյանը հայտնել էր ՀՔԾ-ում, որ Արարատի նախկին մարզպետը իրենից գումար է շորթում՝ 60 հազար դոլար, սպառնալով նրա վերաբերյալ արատավորող տեղեկություններ հրապարակել, խնդրելով, որ քրեական գործ հարուցեն շորթման հատկանիշներով:

 

Սոնա Հարությունյան