Ազգային ժողովում այսօր սկսվեցին 2014թ. բյուջեի քննարկումները:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին նախ հիշեցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանի' հոկտեմբերի 28-ի հայտարարությունը, այնուհետև հարց ուղղեց նրան. «Վարչապետը ՀՆԱ-ի աճի տեմպի նվազման գլխավոր գործոն համարեց գազի թանկացումն ու ներդրումների նվազումը: Որևէ ծրագիր մշակվե՞լ է այլընտրանքային աղբյուր ունենալու համար, թե՞ էլի զբաղված եք գազաֆիկացիոյով, բայց չեք մտածում այլընտրանքային էներգետիկա ստեղծելու մասին»:
Զուրաբյանին ի պատասխան' Դավիթ Սարգսյանը նշեց, որ բացի պատգամավորի մատնանշած գործոններից' եղել են նաև այլ գործոններ:
«Գազի և, ընդհանրապես, տնտեսական աճի հետ կապված, եթե հիշողությունս չի դավաճանում, վարչապետն իր ելույթում նշել էր տնտեսական աճի դանդաղեցման երկու գործոն: Առաջին՝ արտաքին գործոններն են, խոսքը հատկապես զարգացող երկրներին էր վերաբերում, հիմնականում' մեր առևտրային գործընկեր Ռուսաստանին: Երկրորդ գործոնը գազի թանկացումն է ու դրանով պայմանավորված' ընդհանուր առմամբ' գների բարձրացումը:
Ըստ նախնական գնահատականների՝ գազի գնի բարձրացումը 0.8 տոկոսից մինչև 1 տոկոս դեպի նվազում ազդեցություն է թողել տնտեսական աճի վրա: Կա նաև երրորդ գործոն՝ շինարարության ոլորտում տեղի ունեցող զարգացումները: ԱԺ-ին ներկայացվել է, որ մի շարք խոշոր ծրագրեր, որոնցից ամենախոշորը Հյուսիս-հարավ ծրագիրն է, իր իրականացման արդյունքում ավելի դանդաղ է, քան պլանավորում էինք, որովհետև կառավարությունը նախապատվություն տվեց որակին, բայց ավելի դանդաղ տեմպերով ծրագրի իրականացմանը»:
Ֆինանսների նախարարը, անդրադառնալով պատգամավորի մյուս հարցին, թե արդյոք կառավարությունը միջոցառումներ ձեռնարկում է այլընտրանքային գազի ներդման համար, ասաց. «Վերջին հինգ տարիների ընթացքում կառավարությունն այս ուղղությամբ իրականացնում է երկու խոշոր միջոցառում: Առաջին՝ մեր էլեկտրաէներգետիկ հզորություններում մոդեռնիզացման աշխատանքներն են, որոնց արդյունքում գազի սպառումը էլէկտրաէներգիայի արտադրության նպատակով կտրուկ նվազում է, և խոսքը անգամների մասին է: Երկրորդ՝ հիդրոէնէրգետիկայի ոլորտում հետևողական քաղաքականության իրականացումն է: Այսօր արդեն իսկ գործարկված հզորությունները հարյուր մեգավատը անցնում են, և եթե համեմատենք այլ երկրների հետ, կտեսնենք, որ բավական լավ ցուցանիշներ ենք ապահովում»: