«ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված՝ «ԼՂՀ ճանաչման մասին» օրենքի նախագծի վերաբերյալ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի՝ հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում արտահայտած այն դիտարկումները, թե Զարուհի Փոստանջյանը թող ԼՂՀ հարցը բարձրացնի ԵԽԽՎ-ում, հարկ ենք համարում հիշեցնել պարոն Բաբայանին, որ «Ժառանգությունը» եւ մասնավորապես՝ ԵԽԽՎ-ում նրա ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը Վեհաժողովում մշտապես հանդես է եկել ԼՂՀ ճանաչվածությանը նպաստող բազմաթիվ նախաձեռնություններով եւ ելույթներով:

 

Հիշեցման կարգով ներկայացնենք Զարուհի Փոստանջյանի կողմից հեղինակած եւ իր նախաձեռնությամբ ԵԽԽՎ լիագումար նիստերում մի քանի տասնյակ պատվիրակների ստորագրությամբ ընդունված բազմաթիվ փաստաթղթերից միայն երկու գրավոր հռչակագիր, որոնք վերաբերում են ԼՂՀ անկախությանը, ժողովրդավարությանը եւ միջազգային ճանաչման հրատապությանը (տե՛ս այնտեղ, եւ այստեղ ):

 

Ի դեպ՝ այդ երկու փաստաթուղթն էլ ԵԽԽՎ-ում ընդունվել են այն ժամանակ, երբ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում եւ Նախարարների կոմիտեում նախագահում էր Թուրքիան, իսկ ԵԽԽՎ նախագահն էր Թուրքիայի ներկայացուցիչը: Այդ փաստաթղթերից մեկին անդրադարձել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը (տե՛ս այստեղ):

 

Հավելենք նաեւ, որ պարոն Բաբայանին եւ Արցախի Հանրապետության իշխանություններին ոչ թե պետք է անհանգստացնի Հայաստանի խորհրդարանում ԼՂՀ դե յուրե ճանաչման հարցի բարձրացումը, այլ Մադրիդյան սկզբունքները, որոնցում ամրագրված է Արցախի սահմանադրապատկան տարածքները հակառակորդին նվիրաբերելը, եւ որին իրենց համաձայնությունն են տվել ԼՂՀ պաշտոնական ճանաչման նախագիծը ՀՀ խորհրդարանում հետեւողականորեն տապալող Հանրապետական կուսակցությունը եւ նրա ղեկավարը»: