«100°» նախաձեռնության հերթական հանրային քննարկմանն այսօր՝ նոյեմբերի 14-ին, ակտիվիստներից Արթուր Տեր-Գրիգորյանն առաջարկեց, որ երթուղայիններում կանգնած երթեւեկող ուղևորներն այսուհետեւ 50 դրամ վճարեն:
Ակտիվիստն իր համախոհներին առաջարկեց տրանսպորտի թանկացման դեմ պայքարին նոր թափ հաղորդել։ «Պետք ա թռուցիկներ պատրաստենք, գնանք քաղաքով ու 100 դրամի շարժման թափը պետք ա մենք նորից առնենք, որովհետեւ սենց չգիտեմ՝ ուր կհասնենք շատ քիչ մարդկանցով»։
Արթուր Տեր-Գրիգորյանը ակտիվիստներին նաեւ առաջարկեց մոտենալ երթուղայինների կանգառներում կայանած տաքսիներին և հորդորել դուրս հանել մեքենաները կանգառներից, քանի որ դրանք վթարների պատճառ են դառնում: «Եթե ինչ-որ վթար ա լինում կանգառում, լինում ա տաքսիների բախման հետեւանքով»։
Հյուսիսային պողոտայում հավաքվածները քննարկեցին նաև թռուցիկներ պատրաստելու և դրանք տարածելու հարցը, ինչպես նաև քաղաքացիներին գրաֆիտիների եւ տրաֆարետների միջոցով շարժման մասին տեղեկացնելը: «Ամենահեշտ ձեւը տրաֆարետներն ա՝ սարքել ու գնալ ներկով փչել։ Դա շատ կարեւոր բան ա, որ մարդիկ տեսնեն, որ քաղաքում ինչ-որ բան ա կատարվում։ Դու դրանով մարդկանց մեսիջ ես ուղարկում»,- ասաց Կարեն Հարությունյանը։
Ակտիվիստները որոշեցինի «100°»-ի խնդիրներից դարձնել ոչ միայն տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, այլև կենսաթոշակ պարտադիր կուտակային համակարգի և բնապահպանական խնդիրների դեմ պայքարը: