Աշխատանքային այցի շրջանակներում Արցախում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո, զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:

 

ՀՀ և ԼՂՀ նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

 

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են նաև արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները:

 

Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած' ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը ԼՂՀ ՊԲ զորամասեր և առաջնագիծ:

 

Մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր առավոտյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և ԼՂՀ վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ: