Ոչ միայն ընդդիմադիր պատգամավորները, այլ նաև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է սխալ համարում արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանությունը, թե ինչու ևս մեկ անգամ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին և Զարուհի Փոստանջյանին թույլ չեն տվել տեսակցել նոյեմբերի 5-ի դեպքերից հետո կալանավորված Շանթ Հարությունյանին և մյուսներին:

 

Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նախ հարցրեց, թե ինչու ենք իրեն հարցնում և ոչ թե արդարադատության նախարարին և ապա խոստովանեց, որ ինքն էլ ժամանակին նույն տեսակետն է ունեցել, բայց հիմա կարծում է, որ սխալվել է։

 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո փորձել էր մտնել «Նուբարաշեն» ՔԿՀ' պարզելու, թե ի՞նչ վիճակում են կալանավորված անձինք, սակայն ՔԿՀ պետի տեղակալը չէր թույլ տվել այն դեպքում, երբ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածում ասվում է, որ ԱԺ պատգամավորները կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեն, այդ թվում՝ այն խցեր, որտեղ պահվում են կալանավորված անձինք:

 

Նշենք նաև, որ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պարզաբանելով արգելքի որոշումը, նշել էր, որ քննիչի որոշմամբ՝ այդ պահին Շանթ Հարությունյանի հետ բոլոր տեսակցությունները սահմանափակված են եղել: Ըստ նրա, օրենքում առկա բացառությամբ՝ տվյալ անձը կարող է հանդիպել միայն իր փաստաբանի հետ։

 

«Ես առաջ ունեցել եմ նմանատիպ կարծիք, ինչ արդարադատության նախարարը, սակայն հասկանում եմ, որ այդ մոտեցումը սխալ է»,-նշեց Դավիթ Հարությունյանը և ավելացրեց, թե գուցե նախարարն իր մեկնաբանության մեջ հղում անի իր նախկին հայտարարությանը, սակայն ինքն այլևս այդպես չի կարծում և ընդունում է նախկին սխալը։ «Մենք էլ կարող ենք չէ՞ սխալվել»,-ասաց նա:

 

Հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս պետք է այս խնդիրը լուծում ստանա, Դավիթ Հարությունյանը նշեց երկու ճանապարհ. «Կամ դատական կարգով, կամ էլ օրենսդրությունը փոփոխությամբ»:

 

Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ տրամաբանությամբ չի թույլատրվում և գուցե դա հաստատում է այն տեղեկությու՞նը, որ կալանավորների նկատմամբ բռնություն է կիրառվել, Դավիթ Հարությունյանը հրաժարվեց պատասխանել. «Միգուցեներով ես հարցերին չեմ պատասխանում»։

 

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե այդ արգելքով ինչ ասես կարելի է մտածել, այդ թվում նաև բռնությունը թաքցնելու փորձի մասին, բայց ըստ նրա՝ միանշանակ է, որ պատգամավորի այդ իրավունքը ոչ ոք չի կարող սահմանափակել. «Որպես իրավաբան, որպես իրավագիտության մագիստրոս, որպես վերջին 2 տարիների ընթացքում իրավապաշտպանությամբ զբաղված անձ և որպես ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացրած նախկին անդամ և ի վերջո որպես պատգամավոր պնդում եմ, որ այդ օրենքի դրույթի հիման վրա պատգամավորը մուտքի և ելքի իրավունք ունի ՔԿՀ-ներ և ձերբակալված անձանց պահելու վայրեր, և այդ իրավունքը որևէ մեկը չի կարող սահմանափակել»։

 

Ինչ վերաբերվում է նախարարի այն մեկնաբանությանը, թե տեսակցությունները քննիչն արգելել է, և դա տարածվում է նաև պատգամավորների վրա՝ Էդմոն Մարուքյանը նշեց, թե ինքն այդ տեսակետը չի կիսում. «Նախարարի այդ մեկնաբանությունն ըստ էության փոխում է նշված դրույթի ոգին, և կարծում եմ, որ այն մեկնաբանությամբ, որ կիրառվել է վերջին 10 տարիներին, այդ մեկնաբանությամբ էլ պետք է շարունակվի»։

 

Անկախ պատգամավորը բացատրեց, որ քննիչի կողմից տեսակցությունների վրա արգելք դնելու հանգամանքը վերաբերում է միայն կասկածյալի հարազատներին, բարեկամներին կամ այլ անձանց։ «Բայց դա չի վերաբերում օրենքի տվյալ դրույթում նշված անձանց, որոնք ոչ միայն պատգամավորներն են, այլ նաև նախագահը, գլխավոր դատախազը, Մարդու իրավունքների պաշտպանը, և այլն: Բնականաբար այդ տեսակցություների մասով սահմանափակումը չի տարածվում այդ անձանց վրա»,-նշեց նա։

 

Հարցին, թե դա նշանակու՞մ է, որ օրենքի խախտում է նախարարի կողմից՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Հարցը մեկնաբանության մեջ է, հիմա գործադիր իշխանության տվյալ ճյուղի ներկայացուցիչը, որը տվյալ պահին տվյալ դրույթի կիրառողն է, մեկնաբանում է այն կերպ, որ կերպ որ մեկնաբանում է, բայց այսքան տարի չի եղել նման բան»,-ասաց նա։

 

Իսկ թե ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը և արդյո՞ք ինչպես Դավիթ Հարությունյանն է ասում՝ օրենքի փոփոխությամբ, Էդմոն Մարուքյանն ասաց, թե դեմ է այդ տեսակետին։ «Օրենքի փոփոխություն, չեմ կարծում, որ կարելի է, քանի որ դրանով կարելի է համակերպվել այդ մեկնաբանության հետ, ինչը սխալ է կարծում եմ։ Պետք է պահանջել օրենքը կիրառել այնպես, ինչպես որ այն գրվել է ժամանակին։ Իսկ ժամանակին օրենքը գրվել է այն իմաստով, որ մի խումբ բարձրաստիճան անձինք իրենց լիազորություններից բխող պարտականությունները կատարելիս, այո, կարող են անարգել մտնել ձերբակալված անձանց պահվող վայրեր և ՔԿՀ-ներ և հանդիպել ցանկացած անձի: Ավելին, նրանք կարող են տվյալ անձի համաձայնությամբ ծանոթանալ նրա անձնական փաստաթղթերի հետ»,-ասաց նա։

 

Նախկին զինդատախազ, ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նույնպես կարծում է, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պահանջն իրավաչափ է։ «Գործող օրենսդրությունը պատգամավորին լիարժեք հնարավորություն է տալիս ոչ միայն ազատ մուտք ու ելք ունենալ ՔԿՀ-ներ և ձերբակալվածներին պահելու վայրեր, այլ նաև խցեր, բուժկետեր, ճաշարաներ և այլն։ Նրանք պետք է ազատ տեսակցություն ունենան, և օրենքի համաձայն մտնում են պաշտոնատար անձանց այն 6 խմբի մեջ, որոնք իրավունք ունեն տեսակցելու։ Նրանց մուտք գործելու իրավունքը հայեցողական չէ և կախված չէ ՔԿՀ-ների կամ գործի վարույթ իրականացնող քննիչի որոշումից»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

 

Հարցին, թե այդ դեպքում արդարադատության նախարարի որոշումը կամայակա՞ն էր, Գագիկ Ջհանգիրյանը պատասխանեց. «Շատ լավ պատասխանեցինք Դուք Ձեր հարցին, և ես Ձեր հարցի պատասխանի հետ լիովին համամիտ եմ»։

 

Դիտարկումը, թե ՀՀԿ-ում երկու թևի՞ են բաժանվել այդ հարցում, Ջհանգիրյանը հստակեցրեց. «Ես կասեի իշխանություններում երկու տեսակետ կա. մեկը, որ հիմնարկի պետը ճիշտ է վարվել, մյուսը, որ պատգամավորի իրավունքները ոտնահարվել են: Լավ է որ ընդդիմության կարծիքի հետ համակարծիք է նաև իշխանության ներկայացուցիչը, դա շատ կարևոր է, որ այդ խնդրում միատարր չեն»։

 

ՀԱԿ պատգամավորն էլ հարցի նույն լուծումը մատնանշեց, ինչ Դավիթ Հարությունյանը։ «Դատական կարգով գործողություների արգելքի վիճարկումն է, որը պետք է ընտրի Փաշինյանը, և երկրորդը գործող օրենսդրության էլ ավելի հստակեցումն է, որպեզի տեղ չմնա, Ձեր ասած, կամայականությունների համար»,-եզրափակեց նա։