Շարքային 2 զինծառայող դատապարտվել է կնոջ անունով հանդես եկող տղամարդ մարմնավաճառին ծեծելու համար։

 

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի մարտի 30-ին։ Ընդ որում, ըստ քրեական գործի նյութերի, զինծառայողներ Ներսիսյանն ու Վարդանյանը ինքնակամ լքել են զորամասը եւ եկել Երեւան, վարձել մարմնավաճառ՝ սեռական հարաբերություն ունենալու համար։ Բայց սեռական ակտի փոխարեն տեղի է ունեցել բռնություն, քանի որ պարզվել է, որ մարմնավաճառն իրականում տղամարդ է։

 

Ըստ մեղադրանքի շարքային Ներսիսյանը համածառայող, ժամկետային զինծառայող, շարքային Վարդանյանի հետ 2013թ. մարտի 30-ին' ժամը 20։30-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասն ու պատահական տաքսի մեքենայով եկել Երևան՝ «Նիկա» մականունով մարմնավաճառուհու հետ սեռական հարաբերություն ունենալու նպատակով, սակայն վերջինիս բնակարանում տեղեկանալով, որ «Նիկան» իրականում տղամարդ է, երկու-երեք ապտակ է հասցրել և ծեծի ենթարկել նրան։ Ա.Վարդանյանը նաեւ բռունցքով է հարվածել դեմքին, քաշքշել մազերից, որից հետո այդ բնակարանից շտապ հեռացել են։

 

Նախաքննական մարմինը պարզել է, որ զինծառայողների արկածները Երեւանում այդքանով չեն ավարտվել։ Ըստ մեղադրանքի' Ներսիսյանը Վարդանյանի հետ միասին 2013թ. հունիսի 1-ին' ժամը 05։20-ի սահմաններում, Երևանի Բեյրութի փողոցում գտնվող «Կիրովի» անվան մանկական զբոսայգում կամ հանրահայտ Կոմայգում ուրիշի գույքը հափշտակելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով' ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել մեկ անձնավորության մարմնի տարբեր մասերին' պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ և հափշտակել վերջինիս պատկանող 15.000 ՀՀ դրամ արժողությամբ «Սամսունգ S 3572» մոդելի բջջային հեռախոսը, 15.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամապանակը և դրա մեջ եղած 24.000 ՀՀ դրամ կանխիկ գումարը։

 

Զինվորներն ընդունել են առաջադրված մեղադրանքը եւ դատարանում միջնորդել գործը քննել դատական քննության արագացված կարգով։

 

Արագացված քննության դեմ մեղադրող, Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Գեղամ Գասպարյանը մեղադրական եզրակացությունը հաստատելիս չէր առարկել՝ հաշվի առնելով տուժողների դիրքորոշումը, ովքեր նույնպես չեն առարկել այդ ընթացակարգով գործը քննելու դեմ: Տուժողները հայտարարել են, որ ամբաստանյալների նկատմամբ որևէ, այդ թվում' նյութաիրավական պահանջ չունեն: Դատարանը բավարարել է միջնորդությունը:

 

 

Մանրամասներն` այստեղ: