Lurer.com-ը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ հրապարակում է շարք՝ ներկայացնելու համար մեր նորագույն պատմության իրական հերոսներին: Հերոսներ, որոնք իրենց կյանքը դրեցին Հայկական պետականության հիմնադրման և պաշտպանության գործին:


Շարքում ներառվելու է նաև բոլոր այն ազատամարտիկների կյանքի և գործունեության մասին պատմող հերոսապատումը, որոնք այսօր էլ նվիրումով շարունակում են Հայաստանի և Արցախի անկախության ամրապնդմանն ու հայության հզորացմանը միտված իրենց գործունեությունը:


Ոչ ոք չի՛ մոռացվում, ոչինչ չի՛ մոռացվում...


 

Սեդրակ Սարոյանը ծնվել է 1967–ի սեպտեմբերի 3–ին, Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ ծառայողի ընտանիքում։ 1984–ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, ապա՝ ծառայել Խորհրդային բանակում, զորացրվելուց հետո մի կարճ ժամանակահատված աշխատել է «Հայքիմիա» շրջանային ձեռնարկությունում՝ որպես ինժեներ–մեխանիկի օգնական։ 1988–ին, երբ Արցախն ու հայրենիքն օրհասական դրության մեջ էին, 21–ամյա Սեդրակը կազմավորեց կամավորական ջոկատ և ելավ պաշտպանելու Հայաստանի սահմանամերձ շրջանները, մարտնչեց Ղարաբաղի ազատագրության համար։

 

 

 

 

 

Նրա հրամանատարությամբ գործող ջոկատը, որն այնուհետև կազմավորվեց որպես գումարտակ («Արծիվ–10»), ապա՝ օպերատիվ գունդ, սխրագործեց Քարվաճառի, Կուբաթլուի, Զանգելանի ազատագրական մարտերում։ Իսկ Օմարի վերագրավումը՝ անօրինակ խիզախության ու հաղթանակի էջերից մեկը գոյամարտում, դարձավ Ս. Սարոյանի և նրա մարտիկների հերոսության փառապսակը՝ հռչակելով երիտասարդ հրամանատարի անունը։

 

 

Արցախյան պատերազմից հետո Ս. Սարոյանը համալրեց հայկական նորաստեղծ բանակի շարքերը՝ զգալի ավանդ բերելով բանակաշինության և բանակի ամրապնդման գործում։

 

 

Ս. Սարոյանը 1992–ից մինչև 2007–ի փետրվարը ծառայեց ՀՀ զինված ուժերում՝ որպես գնդի, բրիգադի, այնուհետև՝ բանակային երկրորդ, ապա՝ չորրորդ կորպուսի հրամանատար։ Հայրենիքի հանդեպ անբասիր ծառայության համար նա արժանացել է ՀՀ և ԼՂՀ Մարտական Խաչերի, պետական շքանշանների և այլ պարգևների։

 

 

2000-ին Սեդրակ Ֆիրդուսի Սարոյանին շնորհվել է գեներալ–մայորի կոչում։ Ս. Սարոյանը 1997–ին ավարտել է Հունաստանում ՆԱՏՕ-ի ԳՇ ակադեմիան, իսկ 2005–ին՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

 

 

2007-ի մայիսին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

 

 

 

 

Մեջբերում ենք 2012թ. Սեյրան Սարոյանի`Lurer.com-ին տրված հարցազրույցից մի հատված.

 

-Պարոն Սարոյան, առաջին անգամ ԱԺ պատգամավոր եք ընտրվել 2007-ին։ Ինչո՞ւ որոշեցիք թողնել զինված ուժերը և զբաղվել օրենսդիր գործունեությամբ։


Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես հասկացա, որ բանակաշինության մեջ մեր գործն ավարտված է և մեզ փոխարինող նոր սերունդը, մեզ հետ պատերազմ անցած տղերքը պետք է փոխարինեն մեզ և ժամանակն է՝ բանակաշինությունը հանձնենք նրանց: Ես որոշեցի քաղաքականությամբ զբաղվել՝ տեսնելով մեր երկրում տիրող սոցիալ–տնտեսական իրավիճակը և մեր բնակչության կենսամակարդակը, որը կարելի է համարել «տնտեսական պատերազմ»: Բանակը մեր պետականության եզակի կառույցներից մեկն էր, որ պետությունից առաջ էր ընկած. մենք մտանք «տնտեսական պատերազմի» մեջ, որ պետությունը հասցնենք բանակին, որ հետո հակասություն չառաջանա բանակի, պետության և ժողովրդի միջև: Ա՛յ սրա համար ես դուրս եկա բանակից, որպեսզի կանգնեմ ժողովրդի ու ՀՀ նախագահի կողքին, որովհետև մենք միասին ենք դուրս եկել զինված ուժերից. այն ժամանակ մեր նախագահը պաշտպանության նախարարն էր։ Միասին դուրս եկանք. նա դարձավ վարչապետ, ես ընտրվեցի ԱԺ պատգամավոր, որ ուս ուսի տանք, միասին աշխատենք և հաղթահարենք մեր երկրում հաստատված տնտեսական ճգնաժամը։ Սակայն, եթե վաղը թշնամին որևէ ոտնձգություն կատարի, առաջիններից մեկը կլինեմ, որ կգնամ ռազմաճակատ:

 

Ամուսնացած է, ունի երեք որդի։

 

Սեյրան Սարոյանի մարտական ուղու մանրամասներին տեղեկանալու համար դիտեք ստորև ներկայացվող ՀՀ ՊՆ «Զինուժ»-ի կողմից 07.10.2000թ. պատրաստված տեսանյութը: