Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի ավագ քննիչ Վարդապետյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հուլիսի 20-ին Շիրակի մարզի Շիրակ գյուղի վարչական տարածքում խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ը վարել է Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Հարություն Պետրոսյանը, իսկ Opel Astra-ն վարել է Մարալիկ քաղաքի բնակիչ՝ 42-ամյա Մելիքսեթ Ալեքսանյանը, ինչի հետևանքով վարորդներ Հ. Պետրոսյանը, Մ. Ալեքսանյանը, վերջինիս ուղևորներ՝ Մարալիկ քաղաքի բնակիչներ՝ 13-ամյա Մոնիկա Ալեքսանյանը, 10-ամյա Սոֆի Ալեքսանյանը, 6-ամյա Աննա Ալեքսանյանը, 9-ամյա Անահիտ Ալեքսանյանը տեղափոխվել են հիվանդանոց, իսկ 60-ամյա Անահիտ Ալեքսանյանը, ով նույնպես Մարալիկ քաղաքի բնակիչ էր, տեղում մահացել է։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդ Հ Պետրոսյանն աշխատում է «ՎՏԲ» բանկի Սպիտակի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ, իսկ վիրավոր երեխաները սովորում են Մարալիկի թիվ 1 դպրոցում։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել էին Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, 6 հոգի, որից 4-ը երեխաներ էին, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու բժշկական կենտրոն։
Վիրավորներից երկուսին իր անձնական օգտագործման ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով հիվանդանոց էր տեղափոխել քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված մայոր Ալիկ Առաքելյանի հայրը, ով վթարից առաջ հերոս տղայի շիրիմին էր այցելելիս եղել և երբ իմացել էր տեղի ունեցած վթարի մասին, շտապել էր օգնության ձեռք մեկնել վիրավորներին։ Վիրավորներից մի քանիսին էլ մինչև ոստիկանների ու փրկարարների ժամանումը, օգնության էին հասել ճանապարհին գործող բենզալցակայանի աշխատակիցները։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։