Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին` տեղեկացնելով իր պաշտպանյալի նկատմամբ խոշտանգման և անմարդկային վերաբերմունքի դրսևորումների մասին: Խոսքը վերաբերում է նոյեմբերի 9-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական նիստին Վարդան Պետրոսյանի ներկայությունն ապահովելուն: Այդ նպատակով, ինչպես նշում է փաստաբանը ՄԻՊ-ին ուղղված իր դիմումում, քննիչ Հայկ Հակոբյանն այցելել էր «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոն, որտեղ այդ պահին բուժում էր ստանում Վարդան Պետրոսյանը և նրան ստիպողաբար տարել դատական նիստի: Գրում է «Փաստինֆո»-ն:

 

«Քննիչ Հայկ Հակոբյանը, տեսնելով, որ Վ.Պետրոսյանը գտնվում է ցավերի մեջ, ունի ստացիոնար բուժման կարիք, չլսելով բժիշկների խորհուրդները' առ այն, որ Վ.Պետրոսյանին հիվանդանոցից դուրս բերելը կնպաստի վերջինի մոտ ցավերի կրկնապատկմանը, բոլորի կամքին հակառակ, Վ.Պետրոսյանին տեղափոխել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան»,-ասված է փաստաբանի դիմումում:

 

Քննիչի այս գործողությունը Նիկոլայ Բաղդասարյանը որակում է իբրև «անմարդկային վերաբերմունք» և ՀՀ Սահմանադրության անմարդկային վերաբերմունքն արգելող 17-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի' խոշտանգումներին և անմարդկային վերաբերմունքին վերաբերող 3-րդ հոդվածի խախտում:

 

«Քննիչ Հակոբյանն իր գործողություններով դիտավորյալ Վ.Պետրոսյանին ենթարկել է ֆիզիկական և հոգեկան տանջանքների, ստացիոնար բուժման կարիք ունեցող անձին բերման է ենթարկել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, այլ կերպ ասած' Վարդան Պետրոսյանի նկատմամբ դրսևորել անմարդկային վերաբերմունք»,-ասված է փաստաբանի դիմումում, որով Նիկոլայ Բաղդասարյանը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին խնդրում է քննության առնել և արձանագրել Վարդան Պետրոսյանի իրավունքների խախտման փաստերը:

 

Մանրամասները` այստեղ: