Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր մեկնարկում է դեպի Սանկտ Պետերբուրգ իր պաշտոնական այցելությունը, ուր նա պետք է մասնակցի Համագործակցության բարձր խորհրդի նիստին, որի շրջանակներում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Էրդողանը Ռուսաստանում է լինելու երկօրյա այցով:

 

Այդ կապակցությամբ վարչապետը բացառիկ հարցազրույց է տվել ИТАР-ТАСС գործակալությանը, որտեղ, մասնավորապես, անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին:

 

«Ես շատ մեծ կարևորություն եմ տալիս դեպի Սանկտ Պետերբուրգ կայանալիք այցին, որը տեղի կունենա նոյեմբերի 21-22-ը»,-ասել է վարչապետ Էրդողանը: Համագործակցության բարձր խորհրդի նախորդ նիստերի ժամանակ, որոնք ընթացել են ինչպես Ռուսաստանում, այնպես էլ' Թուրքիայում, ձեռնարկվել են շատ կարևոր քայլեր: Այդ հանդիպումների ժամանակ դիտարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները, քաղաքական, ռազմական, առևտրա-տնտեսական և մշակութային համագործակցությունը:

 

«Էներգետիկայի ոլորտում, ուր Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի, շատ խոշոր առաջընթաց կա: Մեծ հաջողությունների ենք հասել նաև զբոսաշրջության բնագավառում: Առաջիկա հանդիպմանը քննարկվելու են բոլոր այս ոլորտները:

 

Ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև արդեն կազմում է 35 մլրդ դոլար, և մենք ջանքեր կգործադրենք դրանք առավել բարձր մակարդակի հասցնելու համար, քանի որ մեր նպատակն է երկկողմ առևտրի շրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի: Եվ ամենակարևորն այն է, որ 2 կողմերն էլ համապատասխան կամք և ցանկություն են դրսևորում այդ նպատակին հասնելու համար, և կարծում եմ, որ դա մեզ համար խնդիր չէ»,-հայտարարել է Էրդողանը: