Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին, այս մասին տեղեկացնում է նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունը:

 

Սերժ Սարգսյանը խստորեն դատապարտել է այդ ահավոր հանցագործությունը, որը երկու տասնյակից ավելի մարդկանց մահվան, հարյուրից ավելի վիրավորների, այդ թվում՝ Լիբանանում Իրանի մշակութային հարցերով կցորդի մահվան պատճառ է դարձել:

 

ՀՀ նախագահն իր վշտակցությունն է հայտնել բարեկամ Լիբանանի և Իրանի կառավարություններին ու ժողովուրդներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն, իսկ վիրավորներին' շուտափույթ ապաքինում: