Կոմիտաս 5 հասցեում «Լիբեր» ՍՊԸ-ի նախատեսած բազմահարկի շինարարության ժամանակ տեղափոխված ենթակայանն այժմ կրկնակի է վնասում բնակիչներին. այս խնդրի լուծման ակնկալիքով Կոմիտաս 5 ա, 3 և 7 շենքերի բնակիչները դիմել են Արտակարգ իրավիճակների նախարարություն: «Երբ սկզբում կառուցապատողը մեզ դիմեց և քննարկվեց կառուցելու հարցը, մեզ խոստացան, որ սարքավորումները կփոխվեն, ենթակայանը մեզ չի վնասի, կբերվեն առողջությանն անվնաս նոր սարքավորումներ: Փաստն այն է, որ կառուցել է ենթակայանի նոր շենք, բայց տեղադրել է հին սարքավորումները: Բացի դա, մոտեցել է մեր շենքին, կառուցվել է մեկ այլ ենթակայանին կից: Ստացվում է, որ վնասը կրկնակի է դառնում, ու հատկապես 5 ա շենքի բնակիչների համար»,- NEWS.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց Կոմիտաս 5 ա շենքի բնակիչ Սուսաննա Թերզյանը:
Բնակիչները դիմել են քաղաքապետարան, որ համապատասխան փորձաքննություններ անցկացվեն՝ ենթակայանի վնասակարության աստիճանը պարզելու համար: Երկու ամսվա ընթացքում միայն աղմուկի մակարդակը ստուգող փորձաքննություն է անցկացվել, արդյունքում էլ պարզ է դարձել, որ այն նորմայից բարձր է:
Բնակիչները պնդում են, որ ենթակայանը տեղափոխվելիս ոչ մի լուրջ հետազոտություն չի արվել: «Էնքան փոքր ա տարածությունը, որ տեղափոխված ենթակայանին նույնիսկ չի կարողանում մոտենալ հրշեջ մեքենան: Երբ տեղափոխված չէր, բավականին նորմատիվ հեռավորությունների վրա էր գտնվում և՛ 5 ա-ից, և՛ 3-ից, և՛ 7-ից: Այն ժամանակ ծառեր կային, որ չէին թողնում աղմուկը լսել, հիմա դրանք էլ չկան: Փոխանակ սրա մասին մտածեն, իրենք արդեն զրոյական նիշի շինթույլտվությունը տվել են առանց նորմալ հետազոտություններ անելու»,- ասաց Կոմիտաս 5 ա շենքի բնակիչ Գոհար Սահակյանը, նշելով, որ եթե հետազոտությունները պարզեն, որ ենթակայանը նորմերին չի համապատասխանում, իրենք պահանջելու են այն վերադարձնել իր նախկին տեղը: