Երևանում այսօր մեկնարկեց «Հանրային հաղորդակցություն. Արդի մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողովը, որի նպատակն է վեր հանել ակադեմիական և գործնական ոլորտներում տեղի ունեցող հաղորդակցության և PR գործընթացները, առկա խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև քննարկել ոլորտի առաջատար մասնագետների միջև համագործակցության ցանցի ստեղծումը:

 

Գիտաժողովի հատուկ հյուրն էր Կիևի պետական համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, հաղորդակցության տեխնոլոգիաների հանրահայտ մասնագետ, տեղեկատվական պատերազմների, մարքեթինգի և ռազմավարական հարցերի տեսաբան Գեորգի Պոչենցովը, ով իր խոսքում կիսվեց իր բազմամյա փորձից, ինչպես նաև խոսեց այն մարտահրավերների մասին, որոնք առկա են ոլորտում: Իր ելույթում ԵՊԼՀ տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի հիմնադիր, քաղաքական գիտ. թեկնածու Արման Սաղաթելյանը նշեց, որ «ոլորտի զարգացման գործում դեռ մեծ աշխատանք կա կատարելու, շատ լուրջ աշխատանք: Այդ թվում և կրթական, և գիտական մակարդակներում անհրաժեշտություն կա իմի բերելու անցած տարիներին ձևավորված բոլոր մոտեցումները և մշակելու միասնական մեթոդաբանություն: Խնդիր ունենք նաև դասագրքերի հետ, քանի որ այսօր գիրք գրելը ոչինչ չարժի, և ամեն մարդ կարող է գիրք գրել, այդ թվում և ոլորտի հետ կապ չունեցող, ու այդ դասագրքերը հեշտությամբ հասանելի են դառնում մեր ուսանողներին», -նշեց նա' ուշադրությունը հրավիրելով այդ խնդրին: ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտ.դոկտոր , պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանն էլ, համաձայնելով Ա.Սաղաթելյանի հետ, որ ունենք մեթոդաբանության, դասախոսների ու դասագրքերի խնդիր, նշեց. «Մեր հասարակությունը «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում է, հասարակական վարքի անորոշությունը շատ մեծ է, ինչը դրսևորվում է նաև ԶԼՄ-ներում: Հաշվի առնելով նաև առկա տեղեկատվական պատերազմը'մի ձեռքով պետք է զբաղվենք ակադեմիական աշխատանքով, իսկ մյուս ձեռքով' նաև պրակտիկ ներդրում ունենանք այդ պատերազմում: Այս ճանապարհով մենք հաղթանակ կարձանագրենք»:

 

Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաև ոլորտի այլ ներկայացուցիչներ' ԵՊՀ դասախոսներ, PR մասնագետներ, լրատվամիջոցների ղեկավարներ և այլն: Գիտաժողովը բաժանված է թեմատիկ սեկցիաների: Առաջին սեկցիայում, օրինակ, քննարկվեցին հանրային հաղորդակցության ոլորտի արդի հիմնախնդիրները, PR-ի զարգացման միտումները, երկրորդ սեկցիան նվիրված էր ճգնաժամային հաղորդակցության և տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներին: Երրորդ սեկցիան' երիտասարդ մասնագետի ամբիոնն է:

 

Գիտաժողովի կազմակերպիչներն են ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը և Երևանի պետական լեզվաբանական համալսարանի տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների կենտրոնը: Աջակիցներն են Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան (APRA), SPRING PR ընկերությունը և «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտը (IPSC):