Զանգվածային լրատվության միջոցներից մեկը, հղում անելով «իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրներին»՝ ստահոդ «նորություններ» է հրապարակել սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու մոտ ապօրինի թմրամիջոց հայտնաբերելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննության վերաբերյալ՝ այդպիսով անգիտորեն կամ միտումնավոր թյուրիմացության մեջ գցելով ընթերցողին:
Իրականում՝ 2012 թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Դավիթ Վարդանյանը Երևան-Մեղրի ավտոմայրուղուց բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին: Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է 99 գրամ հաշիշանման նյութ, բացի այդ, ևս 7 գրամ նմանատիպ նյութ հայտնաբերվել է նրա օրգանիզմից՝ բժշկական միջամտության արդյունքում:
2012 թ. հոկտեմբերի 12-ին և 13-ին կատարված դատաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ հայտնաբերված նյութերը հաշիշ տեսակի թմրամիջոց են:
«Իրավագիտակ» լրագրողների համար հատուկ ասենք, որ «ծանր ու թեթև թմրամիջոցներ» իրավական գոյություն չունի, գործում է թմրամիջոցների դասակարգում՝ ըստ չափի, տեսակի և ծագման, իսկ 106 գրամը համարվում է առանձնապես խոշոր չափ:
Ինչ վերաբերում է Դավիթ Վարդանյանի ցուցմունքներին, ապա նա հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել իր գործածման համար:
Դավիթ Վարդանյանը կալանավորված է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում շարունակվում է;
Կրկին կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ օգտագործել միայն օբյեկտիվ ու ճշտված տեղեկություններ և ապատեղեկատվությունից զերծ մնալու համար ազնվորեն համագործակցել իրազեկ մարմինների հետ: