Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդու' Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչև այս ամսվա վերջը գործի նախաքննությունը կավարտվի և կուղարկվի դատարան: Փաստաբանը հրաժարվեց որևէ գնահատական տալ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարած նախաքննության ընթացքին' չմեկնաբանելով նաև նախարարական ընտանիքի դիրքորոշումը՝ իրենց որդու նկատմամբ հարուցված քրեական գործի և դրա ընթացքի վերաբերյալ:

 

Հիշեցնենք՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին' Դավիթ Վարդանյանը, մեղադրվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար: Ոստիկանությունը նրա մոտ 98 գրամ հաշիշ տեսակի թմրանյութ էր հայտնաբերել: Հիշեցնենք, որ գործի նախնական փուլում Դավիթ Վարդանյանը հրաժարվել էր թե’ հանրային պաշտպանից և թե’ մասնավոր փաստաբանի ծառայություններից' պատճառաբանելով, որ դրա համար գումար չունի: Սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ նրա շահերը պաշտպանելու է փաստաբան Վահան Հայրապետյանը: