Մոսկվայում նոյեմբերի 26-28-ին անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Սերգեյ Սոբյանինը ասել է, որ Մոսկվայում Երևանի օրերի անցկացումը կարևոր նշանակություն ունի երկու մայրաքաղաքների միջև հարաբերությունների խորացման հարցում:
Տարոն Մարգարյանն շնորհավորել է Սերգեյ Սոբյանինին Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և կարևորելով բոլոր մակարդակներում երկուստեք հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը՝ համոզմունք է հայտնել, որ համատեղ նոր ծրագրերի իրականացման շրջանակում ձևավորված արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
Հանդիպմանը երկու մայրաքաղաքների քաղաքապետները ստորագրել են Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում է շարունակել և առավել ընդլայնել առկա համագործակցությունը առևտրատնտեսական, ճարտարապետության և քաղաքաշինության, առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի, սպորտի և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում նաև փորձի փոխանակման գործնական ծրագրերի իրականացման տեսքով:
Կողմերը փաստել են, որ ծրագիրը կնպաստի Երևանի և Մոսկվայի միջև փոխգործակցության ընդլայնմանն ու զարգացմանը:
Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Երևանի օրերի բարձր մակարդակով անցկացման համար և Սերգեյ Սոբյանինին հրավիրել է պաշտոնական այցով հյուրընկալվել Երևանում: