Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Գյումրիի բժշկական կենտրոնում մահացավ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի բնակիչ, 22-ամյա Արթուր Կարճիկյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բժշկական կենտրոն էր տեղափոխվել ավտովթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքների պատճառով, իսկ ավտովթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 31-ին՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին:

 

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում վթարի օրը մահացած Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 23-ամյա Հարություն Սիմոնյանի մայրը՝ Սուսաննա Սիմոնյանը, պատմեց որոշ մանրամասներ, որոնք նա իմացել է վթարից հետո:

 

Տիկին Սուսաննայի խոսքով՝ իր տղան՝ Հարությունը, որպես պայմանագրային զինծառայող, ծառայում էր Կարճաղբյուրի զորամասում: Այդ օրը իր ընկերոջ՝ Արթուր Կարճիկյանի հետ մեկնել էին Մարալիկ, որպեսզի իր ընտրյալի՝ Կարինեի հետ գային Կարճաղբյուր: Ճանապարհին որոշել են մեկնել Երևան, իսկ Երևանից վերադառնալիս տեղի էր ունեցել ողբերգական ավտովթարը: Մանրամասն՝ այստեղ: