Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է երկու պարսիկ երիտասարդների գործի քննությունը: 20-ամյա Ամիրհոսեին Ղոլամռեզայի Նիազզադեն և Ռեզա Մահդիի Էսֆանդիանի Մողադամիին 2013 թվականի սեպտեմբերի 17-ին, գիշերվա ժամը 2-ին Երևանի Պարոնյան 16 հասցեում գործող «Մասկարադ» կարաոկե ակումբում էին:

 

Կարելի էր ենթադրել, թե երիտասարդները զվարճանալու համար էին այնտեղ: Սակայն «Մասկարադ»-ում նրանք իրենց «մասկարադն» էին արել. նախնական համաձայնությամբ գողություն էին կատարել՝ ըստ առաջադրված մեղադրանքի: Ակումբի սրահի բազմոցին դրված պայուսակից երիտասարդները գաղտնի հափշտակել էին այցելուհի Նատալիի 5 հազար դրամ արժողությամբ դրամապանակը, որի մեջ եղել էր 20 հազար դրամ, 60 հազար դրամ արժողության «Սամսունգ» բջջային հեռախոսը երկու քարտերով և կանացի օծանելիք:

 

Պարսիկ երիտասարդները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: