Այսօր գլխավոր դատախազության մուտքի մոտ հավաքվել էին Արեն Չաթիյանի հարազատները, ովքեր «Վերանայեք ցմահի գործը, ես դեռ 27 տարեկան եմ», « Պահպանիր ինձ քեզնից հայրենիք, հացադուլով քեզանից պահանջում է նախկին զինվորդ», նման հայտարարություններով էին:
Չաթիյանը մեղադրվում է 2008 թվականին սպանություն գործելու և երկու անձի դանակահարության համար: Արենը մի քանի օր է, ինչ հացադուլ է հայտարարել և կարել բերանն ու կոպերը՝ ի նշան բողոքի:
Լրագրողների հարցին, թե քանի օր է տևելու հացադուլը, հարազատներն հայտնել են, որ տեղյակ չեն, սակայն պնդում են, որ Գլխավոր դատախազության համապատասխան պաշտոնյան պետք է պարզի Արենի` հացադուլ անելու պատճառը:
Ալլա Մարտիրոսյանը` Արենի մայրը, համոզված է, որ որդին եթե անգամ կապ էլ ունի դանակահարությունների հետ, ապա սպանության համար մեղավոր չէ: «Սպանվողի հեռախոսը գտել են նրա մոտ. մարդասպան լինելու միակ ապացույցն է»,-ասել է մայրը:
Որոշ ժամանակ անց Գլխավոր դատախազությունից եկել է դիմում-բողոքների բաժնի պետ Անդրե Աղամյանը: Վերջինս Արենի մորն ասել է, որ նոյեմբերի 29-ին Արենից իր գործը վերանայելու դիմում են ստացել, և մինչև հիմա ընթացք չի տրվել: Պատճառը`ոչ աշխատանքային օրեր են եղել: Այնուհետև Ալլա Մարտիրոսյանին առաջարկել է առանձին խոսել: