Նախաձեռնությունների ազգային կենտրոն (ՆԱԿ) հասարակական կազմակերպությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի, նրա արդարացման և ազատ արձակման: ՆԱԿ նախագահ Վարդան Թունյանը կոչ է անում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին և քաղաքական կուսակցություններին՝ միանալ իրենց: Այսօր նրանք Գլխավոր Դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության անգործության դեմ և ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարթությունյանին առաջարկել է բաց ռեժիմով կրել պատիժը, սակայն վերջինս չի համաձայնել՝ պահանջելով արդարացնել իրեն։
Բողոքի ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջում են միջնորդել Առաջին ատյանի դատարանին՝ վերաբացելու «Շանթ և ընկերներ» գործի դատական քննությունը՝ հաշվի առնելով նոր իհայտ եկած հանգամանքները, կամ իրավիճակի փոփոխության կապակցությամբ:
Նրանք գտնում են, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝ Շանթ Հարությունյանը պետք է արդարացվի և ոչ մի քաղբանտարկյալ չպետք է լինի:
«Շանթ Հարությունյանը արդար է, նա որևէ հանցանք չի գործել, այլ պայքարել և պայքարում է հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության: Շանթ Հարությունյանը հետապնդվում է «արդարադատության» համակարգի կողմից իր քաղաքական հայացքների համար: Այսպիսով, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է և պետք է օր առաջ արդարացվի և ազատ արձակվի: Բանտում անցկացրած յուրաքանչյուր օր ավելացնում է նրա դեմ ապօրինի վճիռ կայացրած դատավորների, մեղադրանքը դատարան ներկայացրած դատախազության և այդ վճռի պատվիրատու Սերժ Սագսյանի պատասխանատվությունը»,- նշում են ակցիայի մասնակիցները:
Նշենք, որ 2014 թվականի հոկտեմբերի 17-ին «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ-ի օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտել է 6 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատապարտվել էր 14 քաղաքացի, որոնցից Հայկ Հարությունյանը, Արմեն Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը, Ալեք Պողոսյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանն ու Լիպարիտ Պետրոսյանն ազատության մեջ են: