ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գազի գնի հետ կապված լուծումները գտնված են։
«Հուլիսի 7-ին տարիֆները հաստատվեցին, գազի գինը սահմանի վրա սահմանվեց 189 դոլար: Կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որպեսզի հաշվարկեն տարբերությունը: Լուծումները գտնված են, և գազի գինը առաջիկա տարիներին փոփոխության ենթակա չէ»,-ասաց նախարարը։
Դիտարկմանը, թե կառավարությունն ասել էր, որ կսուբսիդավորի, նախարարը պատասխանեց. «Այո, Հայռուսգազարդի հայտը եղել է 170 դոլար: Կառավարությունը դիմեց կարգավորող հանձնաժողովին, որ 270 դոլարի և 189-ի տարբերությունը վերցնի իր վրա, որպեսզի հանձնաժողովը գազի սակագները սպառողի համար հաշվի 189 դոլար, ինչպես և եղավ: Տարիֆները, որոնք այսօր ուժի մեջ են, հաշվարկված են 189 դոլար սակագնով»,-ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի պարտքին, ապա նախարարը նշեց, որ այն կուտակվել է 2011թ-ից։ «Այս բանակցություններն սկսվել են 2011թ-ից, և այդ ժամանակվանից միշտ ասել եմ, որ գազի գինը մեր սպառողի համար չի փոխվելու: Զուգահեռաբար բանակցություններ են ընթացել ռուսական կողմի հետ՝ գազի գներն ամրագրելու ավելի երկարատև ժամանակաշրջանի համար, որովհետև ամեն տարվա փոփոխությունները բավական ծանր վիճակ են ստեղծում հանրապետության համար: Բանակցություններն ավարտվեցին այս տարի, և պայմանավորվածությունը մինչև 2018 թ-ն է: Մանրամասները՝ այստեղ: